Գորիսի քաղաքապետի փաստաբանը քննիչներին կոչ արեց գլխիկոր հեռանալու արժանի որոշումներ չկայացնել
Իրավունք
11:33 24/12/2020
Հայաստան

Գորիսի քաղաքապետի փաստաբանը քննիչներին կոչ արեց գլխիկոր հեռանալու արժանի որոշումներ չկայացնել

«Դատարանը որոշեց քննչական կոմիտեի վարչության պետի միջնորդությունը մերժել հիմքերի բացակայության հիմնավորմամբ»,-դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիսի քաղաքապետի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նա արդար որոշման համար շնորհակալություն հայտնեց դատարանին, կոչ արեց քննիչներին կայացնել այնպիսի օբյեկտիվ որոշումներ, որոնք կողջունվեն ծափահարություններով, ոչ թե գլխիկոր կհեռանան դատարաններից։

«Ես կոչս ուղղում եմ նրանց։ Մի գիշերվա ընթացքում Սյունիքի համայնքապետերը հանկարծ դառնում են հանցագործ։ Մի գիշերվա ընթացքում մարդիկ, որոնք միայն շենացրել են իրենց բնակվայրերը, որոնք ամեն ինչ անում են, մարդկանց, կանանց պաշտպանելու համար, որ վաղը չբռնեն կանանց տանեն, ասեն, թուղթ բեր, որ քո կինն է, թե չէ դեռ կմնա մեզ մոտ, դառնո՞ւմ ենք հանցագործ։ Միշտ հիշեք, վերջում արդարությունը հաղթելու է, մի օր պատասխան եք տալու, այնպես արեք, որ ձեր խղճի հետ հանգիստ լինեք»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը քննվում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Դատավորը Ռոբերտ Պապոյանն էր։

Այսօր նույն դատարանում քննվելու է նաև Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը։ Սյունեցիները նիստի ընթացքում կլինեն դատարանի դիմաց՝ աջակցելու Մանվել Փարամազյանին։

Placeholder