Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունվարի 1-ին 7 դի է հանվել Հորադիսից ու Ֆիզուլիից. Արսեն Ղուկասյան
Արցախում գտնվող, պատերազմին մասնակցած եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ հունվարի 1-ին Ֆիզուլիի և Հորադիսի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում 7 դի է հանվել։
«Չորս մարմին դուրս ենք բերել Հորադիսից և երեքը՝ Ֆիզուլիից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ողջ և անտառներում թաքնված զինծառայողներին, ապա, Արսեն Ղուկասյանի խոսքով, անհայտ է, թե երբ կսկսվեն ողջ զինծառայողների որոնողական աշխատանքները։
«Պատճառաբանել են, ասել են՝ էսքան ժամանակ մտաք ոչ մի բան չարեցիք, հիմա մտնում եք ի՞նչ անեք։ Հիմա փորձում են Մուրադովի միջոցով բանակցություններ ունենալ, որ այդ հարցը նորից բարձրացվի և գործընթացները սկսվեն»,- նկատեց նա։
Նա հայտնեց, որ այսօր՝ հունվարի երկուսին թշնամին թույլ է տալու օկուպացված երեք ուղղություններում որոնողական աշխատանքներ իրականացնել։
«Հիմա մնում է, որ մեր ղեկավարությունը մի բան անի, որ ողջերին հանելու համար մի բան արվի։ Դա արդեն թողնում ենք կառավարության վրա»,- ասաց նա։
Արսեն Ղուկասյանը ցավով նշեց, որ այս պահին «խայտառակ» վիճակ է հայաստանյան մորգերում։
«Օրինակ, երեկ մեր ծնողներից մեկը գնացել է Կապանի մորգ, զանգեց, ասաց Կապանի մորգին մոտենալ չի լինում։ Տղերքի մարմինները պարկերով հանում, բերում են այստեղ, հետո առավոտյան արդեն տարբեր ուղղություններով տանում են...։ Տարել են մարմինները, դրել Կապանի մորգի ինչ-որ մի սենյակում, պատուհանները բացած, այնպիսի հոտ է գալիս, որ մորգի շենքին մոտենալ չի լինում։ Այդ հարցի պատասխանատուներն ովքե՞ր են, դա՞ էլ է ռուսի կամ թուրքի թեման»,- ներկայացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։