Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայսերը հրաժարվել է «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ իշխանություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես հաշվի առա, որ ԱՄՆ-ում նրա նկատմամբ կարող են կիրառվել հատուկ վարչական միջոցներ, ինչը ենթադրում է լուրջ մեկուսացում: Դա կարող է բացասաբար ազդել Ասանժի հոգեբանական առողջության վրա»,- ասել է Բարայսերը:
Հայտարարելով դատավճիռը՝ դատավորը նշել է, որ իրականում մերժման միակ պատճառը մեղադրյալի առողջական վիճակն է: Նրա կարծիքով, Ասանժը, որի մոտ նկատվում է դեպրեսիա, աուտիզմի սպեկտրի խանգարում և Ասպերգերի համախտանիշ, կարող է նորից հայտնվել ինքնասպանության շեմին։
Մեղադրյալի գործունեությունը, ըստ Բարայսերի, լրագրություն չէր, քանի որ նա տեղեկատվություն էր ձեռք բերում հաքերության միջոցով:
Այնուամենայնիվ, ամերիկացի փաստաբանները վիճարկելու են Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանի դիրքորոշումը: Ասանժին գրավով ազատելու հարցը կքննարկվի չորեքշաբթի օրը՝ հունվարի 6-ին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել էր Մեծ Բրիտանիային՝ Ասանժին արտահանձնելու խնդրանքով։
Ջուլիան Ասանժը ձերբակալվել էր ապրիլի 11-ին՝ ԱՄՆ-ի հարցման հիման վրա: Մինչ այդ պահը նա 7 տարի թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայի դատարանը նրան դատապարտեց 50 շաբաթ ազատազրկման՝ գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար: