COVID-19 բռնկման ֆոնին Չինաստանը կարանտին է մտցնում 11 մլն բնակչությամբ քաղաքում
Քաղաքական
16:48 08/01/2021
Աշխարհ

COVID-19 բռնկման ֆոնին Չինաստանը կարանտին է մտցնում 11 մլն բնակչությամբ քաղաքում

Չինաստանի իշխանությունները դադարեցրել են տրանսպորտային կապերը 11 միլիոնանոց Շիցզյաջուան քաղաքի (Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի մայրաքաղաք) հետ` COVID-19- ի բռնկման պատճառով: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում ասել է Հեբեյ նահանգի նահանգապետի տեղակալ Սու Ցիանպեյը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Շիցզյաջուան և Սինտայ քաղաքների բնակիչները միայն  խիստ անհրաժեշտության դեպքում կարող են լքել իրենց քաղաքները»,- ասել է նա։

Նրա խոսքով, նահանգային իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են այս քաղաքների ուղևորափոխադրումները:

Իշխանություններն արդեն կազմակերպել են բնակչության զանգվածային թեստավորումներ՝ կորոնավիրուսի հայտնաբերման համար:

Մինչ օրս Շիցզյաջուանում թեստավորվել է 4,86 միլիոն քաղաքացի, իսկ հարևան Սինտայ քաղաքում 1,89 միլիոն բնակիչ անցել է ՊՇՌ թեստեր: Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է 127 սիմպտոմատիկ և 183 ասիմպտոմատիկ դեպք:

Պեկինի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է Չինաստանի մայրաքաղաքից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շիցզյաջուանի հետ ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունը:

Շիցզյաջուանում չեղյալ են հայտարարվել մշակութային միջոցառումները: Քաղաքը լքելու համար ավտովարորդները պետք է ներկայացնեն հատուկ անցագիր: Հեբեյի նահանգային իշխանությունները մոտ 3 հազար բժիշկ են ուղարկել Շիցզյաջուան՝ քաղաքի բժշկական հաստատություններում աշխատելու: Դպրոցներում և մանկապարտեզներում դասերը չեղյալ են հայտարարվել:

Placeholder
COVID-19 բռնկման ֆոնին Չինաստանը կարանտին է մտցնում 11 մլն բնակչությամբ քաղաքում