Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը քաղաքականացնի գերիների հարցը. ՄԻՊ
Քաղաքական
16:20 15/01/2021
Հայաստան

Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը քաղաքականացնի գերիների հարցը. ՄԻՊ

«Հայ երեխաների նկատմամբ թիրախավորված հայատյացությունը Ադրբեջանում ունի առանձնակի ուղղություն և հատուկ խրախուսվում է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանում հայատյացության քարոզը ոչ միայն չի նվազում, այլ ավելին՝ նոր զարգացումներ է ստանում, գեներացվում է իրենց բարձրագույն իշխանության մարմինների և մշակութային գործիչների կողմից։

«Հանցագործությունները, որ կատարում է Ադրբեջանի ԶՈւ-ն, անում է՝ օգտագործելով այն բառերը, ինչ Ադրբեջանի քաղաքական իշխանության բարձրագույն մարմինները։ Պատերազմի ընթացքում, նաև հետո, դա նոր զարգացումներ է ստացել։ Օրինակ կարող եմ բերել դեկտեմբերի տասի ռազմական միջոցառման ժամանակ թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի նախագահների ելույթները, որոնք ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով լի էին»,- նշեց ՀՀ ՄԻՊ-ը։

Ըստ Արման Թաթոյանի, ամբողջ հարցն այն է, որ այդ հայատյաց քաղաքականության հիմքերն ու շարժառիթները պետք է միջազգային հանրությանը հասանելի լինեն։

«Գիտեք, կարևոր է հասկանալ, որ խորքային արմատները շատ են, ավելին՝ սոցցանցերում եղած մեկնաբանություններից երևում է, որ այդ հայատյաց քաղաքականությունը ոգևորություն է առաջացնում հասարակության շրջանում»,- նկատեց նա։

ՄԻՊ-ը նշեց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հետ կապված հարցը, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունների համար ձեռնտու մոտեցում է, որ իրավական ատյանները հեռու մնան այդ հարցից։

«Ւսկ դա մենք չպետք է թույլ տանք։ Իրենք նաև հայտարարում են, թե իբր Հայաստանը խախտել է եռակողմ համաձայնությունը՝ օգտագործելով նաև գերիների հարցը։ Բայց դա չի կարող այդպես լինել, քանի որ գերիների հարցը չի կարելի քաղաքականացնել։ Մենք չպետք է թույլ տանք, որ գերիների հարցը կապվի եռակողմ հայտարարության հետ, քանի որ դա մարդու իրավունքների պաշտպանության պրոցես է։ Պետք է ապահովել գերիների վերադարձի հարցը և վերջ, ինչի՞ մասին է  խոսքը։ Իսկ նրանք մեր ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր են հարուցում»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանը հավելեց, որ իրենք բոլոր զեկույցները ներկայացնում են նաև միջազգային կառույցներին, որպեսզի հարցի լուծումը նաև ճնշումներով ապահովվի։

«ՄԻՊ-ը Կառավարության գործառույթներ չի կատարում, միայն ապացույցներ է հավաքագրում և ներկայացնում է պահանջներ, որպեսզի խնդիրը վերհանվի և լուծում ստանա»,- ասաց նա։

Placeholder
Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը քաղաքականացնի գերիների հարցը. ՄԻՊ