Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
Քաղաքական
13:55 19/01/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

«Պատերազմի ժամանակ հայրս ամեն ինչ փորձել է անել թե խորհուրդներով, թե տարբեր ձևեր հուշելով։ Արվել է առավելը, ինչքան հնարավոր էր անել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ նշելով որ  պատերազմը սկսվելուց մի քանի օր անց մեկնել են Արցախ:

«Նույնիսկ ասում էր՝ «գիտեք, էս ինչ բանը գնացեք ասեք, մի ասեք ես եմ ասել, մենակ թե ասեք...»:  Ամեն ինչ փորձեց, Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել այդ ամեն ինչը: Ինքս եմ ականատես եղել, թե այն մարդկանց, որոնք կանգնած են մեր հաղթանակների հիմքում, ինչպես էին անտեսում, չէին լսում», - ասաց Լ. Քոչարյանը։


Նա ընդգծեց՝ այն, ինչ ունեցանք ՝ պատերազմ, արդյունք, սխալ դիվանագիտության արդյունք է, որը բազմիցս բարձրաձայնվում էր ու, ցավոք, մեր հասարակությունը մոլորված էր:

«Այս ամենը շատ մեծ խայտառակություն է ու հիմա էլ ավելի վառ դարձավ»,-  ասաց նա:

Լ.Քոչարյանի խոսքով, այս պահին շատ բացեր կան, որը հնարավոր է ճիշտ բանակցությունների միջոցով ինչ-որ կետերով ի օգուտ Հայաստանի արդյունքներ ունենալ։

Նա իշխանություններին որակեց աներես ու, ըստ նրա, մի քիչ ինքնասիրություն ունենալու դեպքում չպետք է շարունակեին մնալ իշխանության:

«Այս ամեն ինչից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է, ապշեցնում է ինձ», - ընդգծեց նա։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքականություն, նա ասաց, թե իր հայրը շուտավանից է քաղաքականության մեջ, որի մասին բազմիցս ասվել է. «Հետագա գործողությունների հետ կապված դեռ առիթ կլինի խոսելու ու դեռ ժամանակ կլինի ներկայացնել հանրությունը, թե ինչ ձևով, եղանակով է դա  լինելու»։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Լ.Քոչարյանն ասաց, թե այս իշխանությունն իրենն է առաջ տանում, ընդդիմությունն իր օրակարագն է առաջ տանում, բայց որոշողն իշխանությունն է մեծ հաշվով:

«Ոչնչի առաջ չեն կագնալու: Պատրաստ են կեղծիքների ու ամեն ինչի, միայն թե վերարտադրվեն», - նշեց նա։

Լ. Քոչարյանն ասաց, որ կա ձևավորված ընդդիմություն, իսկ իրենք  որևէ փուլում հնարավոր է ներգրավե՞ն պրոցեսների մեջ, թե՞ ոչ, նշեց. «Չեմ ուզում ոչ մի բան բացառել, ոչ հաստատել: Ամեն դեպքում այսօր նման խնդիր դրված չէ»:

Placeholder