ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես
Քաղաքական
12:31 20/01/2021
Տարածաշրջան

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը նախօրեին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթի ժամանակ մեղադրեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային դաշնակցի պես իրեն չպահելու ու այդպես չգործելու մեջ։ Այս մասին գրում է Reuters-ը։

Բլինկենը նշել է, որ Վաշինգտոնը անհրաժեշտության դեպքում կվերանայի հարցը, եթե Անկարայի նկատմամբ հետագա պատժամիջոցներ պահանջվեն՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու պատճառով:

Նշվում է, որ նախորդ ամիս Վաշինգտոնը երկար սպասված պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ՝ Մոսկվայից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պատճառով, ինչը Թուրքիան անվանել է «լուրջ սխալ»:

«Անընդունելի է այն գաղափարը, որ մեր ռազմավարական գործընկերը, այսպես կոչված ռազմավարական, մեր ամենամեծ ռազմավարական մրցակիցներից մեկի՝ Ռուսաստանի հետ մի գծում է։ Կարծում եմ, որ մենք պետք է տեսնենք, թե ինչ ազդեցություն են թողել առկա պատժամիջոցները և այնուհետև որոշենք, թե կա ավելին անելու անհրաժեշտություն», - օրենսդիրներին ասել է Բլինկենը։

Նրա մեկնաբանությունները հնչեցվեցին Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին օրը, որի հետ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սերտ հարաբերություններ ուներ:

«Թուրքիան դաշնակից է, որը շատ առումներով ... չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը, և սա շատ, շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար, և մենք այս հարցում շատ հստակ ենք», - ասել է Բլինկենը:

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատար է առաջադրել Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայության բացահայտ ջատագով և Թուրքիայի կառավարության խիստ քննադատ Բրեթ ՄքՔուրքին:
Թուրքական ԶԼՄ-ները ՄքՔուրքի նշանակումն անվանեցին ԱՄՆ-ի «ընկերներին» սպառնալու ԱՄՆ քաղաքականության վերադարձ։ 
 

Placeholder
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես