Թղթյա կրիչով գիրքը շարունակում է մնալ առաջատար. Խաչիկ Վարդանյան
Հասարակություն
12:50 27/01/2021
Հայաստան

Թղթյա կրիչով գիրքը շարունակում է մնալ առաջատար. Խաչիկ Վարդանյան

«Բուկինիստ» գրախանութների ցանցը նախորդ տարին թեև լավ արդյունքներով էր սկսել, սակայն արդեն մարտից, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներով, ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի խոսքով, ամեն ինչ քարուքանդ եղավ:

«2020 թվականը սկսեցինք շատ լավ, ավելի լավ, քան 2019 թվականը: Սակայն մարտի կեսերից մինչև մայիսի 4-ը մենք չաշխատեցինք, մասնաճյուղներն ավելի երկար փակ մնացին: Ամեն ինչ քարուքանդ եղավ: Այնուհետև պատերազմը:

Մեզ  համար անսպասելի, դեկտեմբերին ունեցանք ավելի լավ ցուցանիշներ, քան 2019 թվականի նույն ամսին էինք գրանցել: Դա պայմանավորում եմ մեր կազմակերպած լարված աշխատանքով՝ կորցրածը հետ բերելու համար, բայց ավելի կարևոր՝ դեպի գիրքը ժողովրդի ծարավով: Այս ամսվա ցուցանիշները նույնպես հուսադրող են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Վարդանյանը:

Նա հույս ունի, որ առաջիկայում էլ լավ կլինի, չնայած մոտ ապագայում կանխատեսում է դաժան օրեր. «Տնտեսվարողներս գիտենք, 2008 թվականի տնտեսական ճգնաժամն ապրել ենք, մոտ ապագայում մեզ դաժան օրեր են սպասվում, այդ ալիքը դեռ մեզ չի հասել: Ավերող ալիք է լինում: Այդ վիճակից դուրս գալու, հաղթահարելու համար պետք է շատ աշխատել, միայն այդպես կարող ենք արդյունքի հասնել: Հույսներս դնենք միայն մեզ վրա՝ աշխատել, ստեղծել, ավելացնել ու բազմապատկել»:

Խ. Վարդանյանն ասաց, որ գրքերը թանկանում են այն ժամանակ, երբ էներգակիրներն են թանկանում, ինչպես մնացած բոլոր արանքները, իսկ հիմնականում էժանանում են այն գրքերը, որոնք քիչ են վաճառվում, պահանջարկը քիչ է:

«Համամասնություններով, գնահատման մեր մեխանիզմներով չենք թանկացնում գրքերը: Շատ լավ հասկանում ենք, որ թանկացումով մենք չենք շահի, ավելի լավ է շատ վաճառենք օպտիմալ, նորմալ գներով»,- նշեց «Բուկինիստ» ընկերության տնօրենը:

Նրա ներկայացմամբ, առավել շատ վաճառվում է մանկական գրականություն՝ նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքի համար, այնուհետև գեղարվեստական գրականություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Բիզնես հոգեբանության վերաբերյալ գրականությունն էլ պահանջարկ ունի:

«Այստեղ բացը կար հայ գրահրատարակչական դաշտում, բայց հիմա մեր հրատարակիչները մեկը մեկի հետևից տպում են լավ բաներ ու վաճառվում է»,- ասաց Խ. Վարդանյանը:

Նա նշեց, որ էլեկտրոնային գիրքն ազդեցություն չի ունեցել տպագիր գրքի վաճառքի վրա:

«Էլեկտրոնային գիրքն այդպես էլ աներևույթ մնաց, չտեսա էլեկտրոնային գրքի խանգարելը թղթյա կրիչով գրքին:

Իհարկե, կան բնագավառներ, որտեղ էլեկտրոնային գիրքն առաջատար է՝ քարտեզներ, ատլասներ, տուրիստական ուղեցույցներ, բառարաններ, նաև նեղ մասնագիտական գրականություն, որը ձեռնտու չէ թարգմանել, քանի որ թանկ է, քիչ է պետք: Հիմնականում թղթյա կրիչով գիրքն ինչպես առաջատար էր, այնպես էլ շարունակում է  մնալ առաջատար»,- ասաց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Placeholder
Թղթյա կրիչով գիրքը շարունակում է մնալ առաջատար. Խաչիկ Վարդանյան