Չավուշօղլուն Հայաստանից կառուցողական քայլեր է ակնկալում
Քաղաքական
14:03 29/01/2021
Տարածաշրջան

Չավուշօղլուն Հայաստանից կառուցողական քայլեր է ակնկալում

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ «3 + 3» ձևաչափով: Այս մասին այսօր Ստամբուլում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին գրում է Tass-ը։

«Մենք պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Այսպիսով, մենք նախատեսում ենք համագործակցել այս ճանապարհին նաև «3 + 3» ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա-խմբ․)», - ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն առանձին նշել է, որ «Հարավային Կովկասում կարգավորման պարզ ցանկությունը բավարար չէ», և «համագործակցության ընդլայնմամբ անհրաժեշտ է հասնել կայուն զինադադարի»:

«Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից: Դա առավելագույնս ձեռնտու կլինի Հայաստանին և նրա ժողովրդին: Հետևաբար, մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ», - ավելացրել է Չավուշօղլուն:

Նա հիշեցրել է, որ Զարիֆը Թուրքիա ժամանելուց առաջ այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները: Զարիֆն ու Չավուշօղլուն վերլուծել են այդ շփումների արդյունքները:

Հիշեցնենք, որ Հայաստանում Զարիֆի ու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպմանը Այվազյանն ասել էր․ «Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն։

Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»։ 

Placeholder