Պատերազմի հետևանքով սթրեսային խանգարում ստացած մարդկանց կառավարությունը կօգնի 6 ամիս հետո
Առողջություն
14:39 04/02/2021
Հայաստան

Պատերազմի հետևանքով սթրեսային խանգարում ստացած մարդկանց կառավարությունը կօգնի 6 ամիս հետո

«Ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին հարցը:

Նա նշեց, որ հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը:

Նա հավաստիացրեց, որ ակնկալվում է ծրագրում ընդգրկել հանրության բոլոր շերտերին, սակայն հոգեբանական ծառայությունների տրամադրումը, կախված թիրախային խմբից, տարատեսակ արտահայտումներ կարող է ունենալ։

Նախարարը նշեց, որ ծրագրերի թիրախային խմբերում ներառված են.

-անհեյտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները,
-գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները,
-ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները,
-զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները,
-ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները,
-տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ),
-ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):

Նախագծով նախատեսում է հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում մասնագիտացած, վերջին 3 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում ծառայություններ մատուցած կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ՝ աջակցության կազմակերպման համակարգման և լոգիստիկ պլանավորման ծառայությունների համար:

Նախատեսվող ծառայություններն են.

-անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ,
-խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ,
-առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա (մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ,
-հոգեբանների շարժական խմբերի ծառայություն (մինչև 8 սեանս),
-հոգեբանական թեժ գծի ծառայություն,
-ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությունը, այդ թվում` ժեստերի լեզվի թարգմանություն, հայերեն լուսագրերի առկայություն,
-էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն:

Նախարարը հայտնեց, որ ծրագիրն ակնկալվում է սկսել նախագիծն ընդունելուց 6 ամիս հետո:

Placeholder
Պատերազմի հետևանքով սթրեսային խանգարում ստացած մարդկանց կառավարությունը կօգնի 6 ամիս հետո