«Կասպերսկի» լաբորատորիայի փորձագետ․ Երեխաներին ոչ թե պետք է զրկել ինտերնետից, այլ խոսել սպառնալիքների և դրանցից պաշտպանվելու մասին
ՏՀՏ-ն Հայաստանում
11:04 04/02/2021
Հայաստան

«Կասպերսկի» լաբորատորիայի փորձագետ․ Երեխաներին ոչ թե պետք է զրկել ինտերնետից, այլ խոսել սպառնալիքների և դրանցից պաշտպանվելու մասին

Վերջին օրերին հասարակությունը կրկին քննարկում է համակարգչային վտանգավոր խաղերի հարցը, որոնք որոշ դեպքերում կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ինչպես երեխաներին հեռու պահել նման խաղերից, ինչպես վերահսկել, Panorama.am-ը զրուցել է «Կասպերսկի» լաբորատորիայի՝ համացանցում երեխաների անվտանգության հարցերով փորձագետ Անդրեյ Սիդենկոյի հետ։

Անդրեյ Սիդենկոն նշում է, որ երեխաներն այսօր ինտերնետում կարող են բախվել ամեն տեսակի սպառնալիքների:

«Մեր փորձի համաձայն, ամենատարածվածներից մի քանիսը անպատշաճ բովանդակությունն է, այդ թվում՝ տեսանյութերը, սոցիալական ցանցերում վտանգավոր անծանոթ մարդիկ և տարբեր խաբեբաներ:

Սոցիալական ցանցերում իսկապես կարող եք գտնել պոտենցիալ վտանգավոր բովանդակությամբ խմբեր, որոնք կոչ են անում ինքնավնասում կատարել, առողջությանը սպառնացող մարտահրավերներ և այլն: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ սոցիալական ցանցերը ուշադրություն չեն դարձնում այս խնդրին, նրանք ակտիվորեն պայքարում են նման բովանդակության դեմ և արգելափակում դրանք: Եթե դուք դեստրուկտիվ բովանդակության եք բախվել, խնդրում ենք զեկուցել այդ մասին տեխնիկական աջակցությանը, մի թողեք այն առանց ուշադրության»,- Panorama.am-ին ասում է Անդրեյ Սիդենկոն։

Որպեսզի երեխաները խուսափեն բարդություններից, մասնագետի խոսքով, կարևոր է ոչ թե արգելել և ամբողջովին զրկել նրանց ինտերնետ, սոցիալական ցանցեր կամ խաղեր մուտքից,  այլ նրանց հետ խոսել սպառնալիքների և դրանցից պաշտպանվելու մասին:

«Կարևոր է բարձրացնել նրանց թվային գրագիտությունը` սկսած այն պահից, երբ նրանք ինքնուրույն են մտնում թվային աշխարհ: Բացի այդ, դուք պետք է հետաքրքրված լինեք նաև նրանց թվային կյանքով. թե ինչ երեխաները լսում, դիտում, կամ ինչ են խաղում: Այս խորհուրդը կարող է աննշան թվալ, բայց մեր հարցումների համաձայն, ծնողների մոտավորապես 13-15%-ը դեռևս չի այցելում իրենց երեխաների սոցիալական մեդիայի էջերը: Ձեր երեխաներին բացատրեք ինտերնետում անձնական տեղեկատվության արժեքը, և որ չպետք է ձեր լուսանկարները կամ տեսանյութերը որևէ մեկին ուղարկեք ինտերնետում»,-ասում է Անդրեյ Սիդենկոն:

Չարագործները կարող են օգտագործել տարբեր մեթոդներ՝ օգտատիրոջը ստիպելու կատարել իրենց պահանջները:

«Ծնողները պետք է խոսեն իրենց երեխաների հետ, որպեսզի նրանք միշտ դիմեն նրանց օգնությանը: Բացի այդ, ծնողները պետք է քննարկեն ծնողական ճկուն հսկողություն սահմանելու հարցը: Օրինակ, մենք ունենք Kaspersky Safe Kids լուծում, որը ոչ միայն օգնում է ծնողներին հասկանալ, թե երեխան որքան ժամանակ է ծախսում ինտերնետում կամ պաշտպանում է նրան ոչ պատշաճ բովանդակությունից, այլ նաև թույլ է տալիս նրանց պարզել, արդյոք նա անդամ է պոտենցիալ վտանգավոր խմբերի»,-ասում է Անդրեյ Սիդենկոն։

Placeholder
«Կասպերսկի» լաբորատորիայի փորձագետ․ Երեխաներին ոչ թե պետք է զրկել ինտերնետից, այլ խոսել սպառնալիքների և դրանցից պաշտպանվելու մասին