Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
Քաղաքական
15:41 04/02/2021
Հայաստան

Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Նախագահ Սարգսյանը ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարության` կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված  հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի Դաշնության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի` Հիմնարար սկզբունքների, այդ թվում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։

Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց` Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների  մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։

Դեսպանի խնդրանքով` նախագահ Սարգսյանը անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։

Դեսպան Կոպիրկինն իր հերթին քննարկվող թեմաների շրջանակներում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրվող ջանքերը»,- տեղեկացնում է Ա. Աշոտյանը։

Placeholder
Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ