Վահան Բադասյան. Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով
Քաղաքական
09:15 06/02/2021
Հայաստան

Վահան Բադասյան. Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, ազատամարտիկ Վահան Բադասյանն ԱԱԾ կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանն ֆեյսբուքյան իր էջում:

Հայտարարության մեջ Բադասյանն ընդգծել է, որ իրեն խոշտանգում են կալանքի միջոցով.

«Զինապարտ չլինելով հանդերձ, հայրենիքի պաշտպանության անմնացորդ մղումով, պատերազմի առաջին իսկ օրից կամովին մասնակցել եմ պատերազմին և իմ նշանակլի դերակատարումն եմ ունեցել: Ավելի քան համոզված եմ, որ իմ արարքը հերոսություն է:

Նշվածի վկայությունն է նաև կյանքս վտանգի տակ դնելը և ծանր վիրավորում ստանալը:

Համոզված եմ, որ այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրոխուսում և պետական պարգևի է ներկայացնում: Իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում:

Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և Ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվել է հունվարի 30-ին: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։  Հունվարի 28-ին Եռաբլուրում զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը  պետք է վերանա ու հեռանա. «Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»: Հենց այս հայտարարությունից հետո նա բերման է ենթարկվել ԱԱԾ:

Վահան Բադասյանը չի ընդունում իրեն առաջադված մեղադրանքը:

Placeholder
Վահան Բադասյան. Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով