Աբովյանի թիվ 1 դպրոցում նորանշանակ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է
Կրթություն, գիտություն
11:43 08/02/2021
Հայաստան

Աբովյանի թիվ 1 դպրոցում նորանշանակ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում աշխատանքային առաջին օրը կրկին գործադուլով և դասադուլով է սկսվել: Ֆեսյբուքյան ուղիղ եթերով դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն ասում է, որ աշակերտներն ու ուսուցչական կազմը բողոքի ակցիա է անում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:

Դպրոցում կան նաև ոստիկաններ:

«Նոր տնօրենը գործի է գալիս ոստիկանների ուղեկցությամբ»,- ասում է Հ. Փայտյանը:

Նա նշում է, որ դասապրոցեսը խաթարված է, քանի որ լիազոր մարմինը, նախարարն անհիմն,  անտրամաբանական որոշում են կայացրել, անմիջապես շահառուների կարծիքը հաշվի առնված չէ, մարդիկ իրավունք ունեն իրենց շահերն առաջ տանեն:

Նշենք, որ միջանցքում հավաքված ուսուցիչներին պարբերաբար մոտենում էր նորանշանակ տնօրենն ու սպառնալիքներ հնչեցնում։

«Չմտածեք, որ ես իմ իրավունքից հետ կկանգնեմ: Բոլորդ այն կարծիքին եք, որ դուք պետք է ինձ վրա բարոյական ճնշում գործադրե՞ք: Չի ստացվելու»,- ասաց տնօրենը դպրոցի միջանցքում հավաքված ուսուցիչներին:

«Վախեցանք»,- արձագանքեց ներկաներից մեկը:

Հայկ Փայտյանի խոսքով, ուսուցիչների ու աշակերտների պահանջն է՝ չեղարկվի  անտրամաբանական, անհիմն, հակասական, հովանավորվարչությամբ պայմանավորված նշանակումը, դպրոցում վերականգնվի առողջ մթնոլորտը, արադարությունը, դասապրոցեսը: 

Ավելի վաղ Հայկ Փայտյանը հայտնել էր, որ 2020թ. հունվարի 22-ին Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ  դպրոցում տեղի ունեցան գործադիր տնօրենի ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին՝ գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և նույն քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Հանրակրթական դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից:

Հիմնական դպրոցների դեպքում մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչների թիվը նույնն է, սակայն ի տարբերություն ավագ դպրոցի մյուս 4-ից երեքը արդեն ներկայացնում են մարզպետարանը, իսկ մեկը՝ համայնքը: Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրությունների ժամանակ խորհուրդի ձայները բաշխվեցին հավասար՝ 4/4: Այս դեպքում, ըստ գործող կարգի, վերջնական որոշումը կայացնում է նախարարը:

«Թեկնածուներից Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, իսկ կառավարման խորհրդի այն 4 անդամը, ովքեր ներկայացնում են ԿԳՄՍ-ն ու մարզպետարանը, Ռոմանոսի ազգականներն են, մարզպետարանի  աշխատակիցները կամ էլ Պետրոսյանի ջանքերով տարբեր պետական հաստիքներում տեղավորված անձիք: Այլ խոսքով՝ այդ մարդիկ իրենց ընտրությունը կատարել են ելնելով ոչ թե դպրոցի զարգացման ծրագրից  կամ կատարված աշխատանքների գնահատականից, այլ պարզապես քաղաքական պատվեր են կատարել»,- հայտնել է Հ.Փայտյանը:

Placeholder
Աբովյանի թիվ 1 դպրոցում նորանշանակ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է