Փաստաբանը միջնորդեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը
Իրավունք
17:10 09/02/2021
Հայաստան

Փաստաբանը միջնորդեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը

ՊՆ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօրվա դատական նիստում միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ այս պահին Յուրի  Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավ։  

Պողոսյանը հիշեցրեց, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի զսպման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից։

«Դրա անհրաժեշտությունը չկա։ Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը»,- նշեց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միացան միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։

Դատախազները չհամաձայնեցին և առարկեցին միջնորդության դեմ։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին։

Placeholder
Փաստաբանը միջնորդեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը