Թ. Վարդանյան. Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, նրանց օգնականների, վարորդների հաստիքները
Հասարակություն
15:25 09/02/2021
Հայաստան

Թ. Վարդանյան. Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, նրանց օգնականների, վարորդների հաստիքները

Երևանի ավագանու «Լույս» խմբացության անդամ Թեհմինա Վարդանյանը դեմ չէ, որպեսզի քաղաքապետարանի ճարտարապետության վարչությունում 20-30 աշխատակից ավելացնեն, քանի որ դրա անհրաժեշտությունը կա, ահռելի գործ կա անելու այդտեղ, սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» ստորաբաժանումներում առաջարկվող փոփոխություններով դա չի նախատեսվում:

«1998 հաստիք կա քաղաքապետարանում, երբ քաղաքային թիմը ստանձնեց քաղաքային իշխանությունը: Նախկինում էլ էինք բարձրաձայնել, դրանից հետո էլ, 2,5 տարի բարձրաձայնում ենք, որ օպտիմալացում է պետք:

Կրճատեք քաղաքապետի խորհրդականների,  խորհրդականնների օգնականների, խորհրդականների վարորդների հաստիքները: Խորքային փոփոխություններ են պետք: Բերել եք ու անձնավորված ինչ-որ մղումներով երկու բաժին իրար եք կպցնում: Այսինքն՝ բոլոր պարերը պարել ենք, մնացել է սարի սմբուլը՞, այսինքն՝ մնացել է թեժ-գծի բարեհամբույր աշխատակիցների հարցը»,- ասաց նա:

Թ. Վարդանյանի խոսքով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» ստորաբաժանումներում առաջարկվող փոփոխությունները զուտ կոսմետիկ փոփոխություններ են, հիմքում աշխատանքը չի շահելու:

Նշենք, որ Երևանի ավագանու նիստում քննարկվեց ու ընդունվեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում վերակազմակերպում և կառուցվածքային փոփոխություններ կատարելու առաջարկը: Մասնավորապես, աշխատակազմի «Քարտուղարություն» կառուցվածքային ստորաբաժանումը վերակազմակերպվում է «Գործերի կառավարման և սպասարկման վարչություն» կառուցվածքային ստորաբաժանման, իսկ «Անձնակազմի կառավարման» բաժինը՝  «Մարդկային ռեսուրսների կառավարման» վարչության:

 

Placeholder
Թ. Վարդանյան. Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, նրանց օգնականների, վարորդների հաստիքները