Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը պետք է ապաշրջափակվի. Թագուհի Թովմասյան
Քաղաքական
17:14 09/02/2021
Հայաստան

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը պետք է ապաշրջափակվի. Թագուհի Թովմասյան

«Նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո բոլոր հանդիպումներում ես բարձրաձայնել եմ ինձ շատ հուզող խնդրի մասին, թե ինչ է լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի խնդիրը»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով, եռակողմ ստորագրված փաստաթղթում հստակ արձանագրված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են։

«Եթե ապաշրջափակման մասին ենք խոսում, ապա նշանակում է, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը պետք է ևս ապաշրջափակվի և գործի։ Ես արդեն այս հարցով դիմել եմ ԱԳՆ-ին և փոխվարչապետին, որ օր առաջ այն դառնա բանակցությունների առարկա։ Պետք է արձանագրել, որ համահայկական ջանքերով կառուցված այս ճանապարհն, ըստ էության, հիմա միակողմանի ծառայում է ապաշրջափակման խոստում տված Ադրբեջանին։ Մեզ էլ ոչինչ չի խանգարում վերագործարկել այս ճանապարհը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,- նկատեց պատգամավորը։

Նա հատուկ ընդգծեց, որ Գեղարքունիքի ու հատկապես Վարդենիսի տարածաշրջանում մի շարք բիզնեսներ էին բացվել, որոնց շեշտադրումը հենց այդ ավտոճանապարհի գոյությունն էր, և հիմա մի շարք բիզնեսներ, ըստ էության, հարվածի տակ են հայտնվել և կանգնած են փակման վտանգի առաջ։

«Բացի տնտեսական վատ հեռանկարներից..., ինձ դիմել են բազում վարդենիսցիներ, ճամբարակցիներ ու մարտունեցիներ, որոնք աշխատում են Արցախում, և նրանք նախկին 70-80 կմ ճանապարհը հատելու փոխարեն այսօր 400-500 կմ ճանապարհ են հատում, որ հասնեն Արցախ՝ իրենց աշխատանքին։ Ես հետևողական եմ լինելու. Արցախը ևս պետք է ապաշրջափակվի»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Placeholder
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը պետք է ապաշրջափակվի. Թագուհի Թովմասյան