Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վահան Բադասյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությանը՝ փետրվարի 15-ին
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, ազատամարտիկ Վահան Բադասյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին։ Panorama.am-ը տեղեկացավ Վ.Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանից։
Առաջիկա նիստը նշանակվել է փետրվարի 15-ին:
«Դատարանից ակնկալում եմ արդարացի, օբյեկտիվ, օրինական քննություն և դրան համապատասխան դատական ակտի կայացում:
Ուզում եմ պնդել՝ ոչ թե ակնկալում եմ մեզ համար հաճելի դատական ակտ, այլ օրինական դատական ակտ»,- նշեց Ա. Պապիկյանը:
Պաշտպանի խոսքով, օրինական դատական ակտն այն բացառիկ ճանապարհն է, որով Վահան Բադասյանը պետք է դուրս գա:
«Մենք չենք ուզում այլ ճանապարհ` օրենք խախտենք, շրջանցենք, լավ վերաբեմունք, լավ աչքով նայել, որովհետև մեր պահանջը օրենքից, իրավունքից դուրս չէ: Հետևաբար, եթե դատարանը կլինի օբյեկտիվ, արդարացի, և ցանկացած դատավոր, որ այդպես կվարվի, պարոն Բադասյանը պետք է վաղուց դրսում լիներ, ինքը նույնիսկ չպետք է կալանավորվեր: Չեն հաշվում, որ վատառողջ է, հեղինակավոր, հայտնի անձ է և այլն: Գործի փաստական հանգամաքներն ուղղակի այդպիսին են»,- ասաց Ա. Պապիկյանը:
Հիշեցնենք, որ ազատամարտիկ Վահան Բադասյանը կալանավորվել է հունվարի 30-ին: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Հունվարի 28-ին Եռաբլուրում զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա. «Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»: Հենց այս հայտարարությունից հետո նա բերման է ենթարկվել ԱԱԾ:
Վահան Բադասյանը չի ընդունում իրեն առաջադված մեղադրանքը: