Պետք են խորհուրդների վրա քաղաքական որոշումներ կայացնողների ազդեցությունն արգելող մեխանիզմներ. Անի Սամսոնյան
Կրթություն, գիտություն
15:56 10/02/2021
Հայաստան

Պետք են խորհուրդների վրա քաղաքական որոշումներ կայացնողների ազդեցությունն արգելող մեխանիզմներ. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ բուհերի քաղաքականացման հարցը չի կարող փակվել միայն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում սահմանելով, որ կառավարման խորհրդի անդամը չի կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կամ ռեկտորը չի կարող լինել կուսակցության անդամ:

Նրա կարծիքով՝ քաղաքականացման հարցը կհամարվի փակված այն ժամանակ, երբ կսահմանվեն մեխանիզմներ, որոնք կարգելեն քաղաքական որոշումներ կայացնողներին ազդեցություն ունենալ բուհական կառավարման խորհուրդների վրա:

Նա գտնում է, որ բարձր ռիսկեր է պարունակում նախագծի այն դրույթը, որ բուհերի կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը կառավարության և պետական լիազոր մարմնի կողմից են նշանակվում:

«Նրանք պարունակում են ռիսկեր՝ միշտ ստարադասված պահելու ակադեմիական, ուսանողական շահերը, որոնք համարվում են բուհական կրթության և քննարկվող նախագծի շահառուները»,- հայտարարեց Անի Սամսոնյանը:

Պատգամավորը խաբկանք է համարում առաջարկվող մեխանիզմը, որով բուհի ռեկտորի երեք թեկնածուին առաջադրելու է կառավարման խորհուրդը իսկ դրանցից մեկին նշանակելու է  լիազոր մարմինը: 

«Այն անձին, որը կդիտարկի լիազոր մարմինը որպես իրեն հարմար ռեկտոր, կուղարկվի կառավարման խորհրդին՝ մրցութային ընտրանքի միջոցով ընտրելու, և քանի որ կառավարման խորհրդում պետությունը ունի մեծամասնություն, այդ անձը կընտրվի, հետո կգա՝ լիազոր մարմինն էլ կընտրի իր նախընտարած ռեկտորին»,-իրականացվելիք սխեման ներկայացրեց պատգամավորը:

Նկատելով, որ ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում հայտարարեց, որ անբնական շատ է համարում նման քանակի պետական բուհերի առկայությունը՝ Անի Սամսոնյանը հայտարարեց, որ այդ կարծիքը չի կարող արժեքավոր լինել, եթե այն չի դրվում նախարարի մշակած քաղաքականության հիմքում և կոչ արեց, որ Դումանյանը վերջնական զեկույցում հայտարարի, թե ո՞ր բուհերն են ավելորդ և պետք է փակվեն:

Placeholder