Հիմնական զեկուցողի սկի պետքն էլ չէ, թե ինչ ենք քննարկում.Սրբուհի Գրիգորյան
Կրթություն, գիտություն
15:15 10/02/2021
Հայաստան

Հիմնական զեկուցողի սկի պետքն էլ չէ, թե ինչ ենք քննարկում.Սրբուհի Գրիգորյան

«Ես լակոնիկ կլինեմ, կարճ, քանի որ հիմնական զեկուցողի սկի պետքն էլ չէ, թե ինչ ենք քննարկում և ցավոք նման կադրային սնանկության պարագայում չեմ պատկերացնում այս իշխանության գործունեությունը ինչպես է կազմակերպվելու»,- խորհրդարանում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ ելույթ ուեննալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Նա շեշտեց, որ, լսելով Վահրամ Դումանյանի պատասխանները, իր մոտ հետպատերազմյան վախերը մի վախով էլ ավելացավ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը համոզմունք հայտնեց, որ շատ շուտով գալու են ԱԺ և հայտարարելու են. «Այ մարդ, մեր վրա վերջին շրջանում կրթության նախարար չի գալիս»:

Նա դահլիճում չգտնվող ԿԳՄՍ նախարարին հարց ուղղեց, թե նա իրո՞ք հավատում է իր այն խոսքերին, որ խորհրդային տարիներին բուհերը զարգացել են, քանի որ ռեկտորները նշանակովի են եղել:

Պատգամավորը հիշեց, որ խորհրդային ժամանակներում գյուղերը ծաղկել, մեծացել և քաղաքներ են դարձել, հետևաբար, այդ տարամաբանությամբ կարելի է ռայկոմները վերականգնել, ռայկոմի քարտուղարներ նշանակել և էլ պետք չէ ժողովրդավարություն ու առաջընթաց:

Նա նկատեց, որ հնարավոր չէ խորհրդային տարիների նկատմամբ նման նոստալգիկ տրամադրություններով ոլորտն առաջ տանել, իսկ բարեփոխում բառից եթե նախկինում վախենում էր, ապա այժմ սարսափում է:

Տեսնելով դահլիճ մտնող ԿԳՄՍ նախարարին՝ Սրբուհի Գիրիգորյանը դիմեց նրան.  «Պարոն նախարար, ուզում էի ասել, որ բուհական զարգացման աճի տեմպերի դանդաղման պատճառն ոչ թե ռեկտորների պաշտոնների նշանակովի լինելն է այլ այն, որ շուկայական հարաբերությունները մուտք են գործել բուհեր և մեր բուհերն, ցավոք սրտի, թումանյանական Գիքորի օրն են ընկել և «Էստի համեցեք» են կանչում»:

Ըստ պատգամավորի՝ բոլոր նրանք, ովքեր կարողանում են բուհին վճարել, դիպլոմ են առնում, որը օրինականացված կոռուպցիա է և մինչև դրա վերջակետը չդրվի՝ կրթության համակարգում բարեփոխումների մասին չեն կարող խոսել:
 

Placeholder