Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմնական զեկուցողի սկի պետքն էլ չէ, թե ինչ ենք քննարկում.Սրբուհի Գրիգորյան
«Ես լակոնիկ կլինեմ, կարճ, քանի որ հիմնական զեկուցողի սկի պետքն էլ չէ, թե ինչ ենք քննարկում և ցավոք նման կադրային սնանկության պարագայում չեմ պատկերացնում այս իշխանության գործունեությունը ինչպես է կազմակերպվելու»,- խորհրդարանում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ ելույթ ուեննալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Նա շեշտեց, որ, լսելով Վահրամ Դումանյանի պատասխանները, իր մոտ հետպատերազմյան վախերը մի վախով էլ ավելացավ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը համոզմունք հայտնեց, որ շատ շուտով գալու են ԱԺ և հայտարարելու են. «Այ մարդ, մեր վրա վերջին շրջանում կրթության նախարար չի գալիս»:
Նա դահլիճում չգտնվող ԿԳՄՍ նախարարին հարց ուղղեց, թե նա իրո՞ք հավատում է իր այն խոսքերին, որ խորհրդային տարիներին բուհերը զարգացել են, քանի որ ռեկտորները նշանակովի են եղել:
Պատգամավորը հիշեց, որ խորհրդային ժամանակներում գյուղերը ծաղկել, մեծացել և քաղաքներ են դարձել, հետևաբար, այդ տարամաբանությամբ կարելի է ռայկոմները վերականգնել, ռայկոմի քարտուղարներ նշանակել և էլ պետք չէ ժողովրդավարություն ու առաջընթաց:
Նա նկատեց, որ հնարավոր չէ խորհրդային տարիների նկատմամբ նման նոստալգիկ տրամադրություններով ոլորտն առաջ տանել, իսկ բարեփոխում բառից եթե նախկինում վախենում էր, ապա այժմ սարսափում է:
Տեսնելով դահլիճ մտնող ԿԳՄՍ նախարարին՝ Սրբուհի Գիրիգորյանը դիմեց նրան. «Պարոն նախարար, ուզում էի ասել, որ բուհական զարգացման աճի տեմպերի դանդաղման պատճառն ոչ թե ռեկտորների պաշտոնների նշանակովի լինելն է այլ այն, որ շուկայական հարաբերությունները մուտք են գործել բուհեր և մեր բուհերն, ցավոք սրտի, թումանյանական Գիքորի օրն են ընկել և «Էստի համեցեք» են կանչում»:
Ըստ պատգամավորի՝ բոլոր նրանք, ովքեր կարողանում են բուհին վճարել, դիպլոմ են առնում, որը օրինականացված կոռուպցիա է և մինչև դրա վերջակետը չդրվի՝ կրթության համակարգում բարեփոխումների մասին չեն կարող խոսել: