Տարան ու մեր երեխաներին մատաղ արեցին թշնամու առաջ. անհետ կորած զինծառայողի մայր
Հասարակություն
16:21 11/02/2021
Հայաստան

Տարան ու մեր երեխաներին մատաղ արեցին թշնամու առաջ. անհետ կորած զինծառայողի մայր

«Մեկը դուռը չի խփել, ասել՝ երեխուդ տարել կորցրել ենք: Ի՞նչ պետություն, ի՞նչ ղեկավար: Մենք չունենք»,- կառավարության դիմաց լրագրողներին ասաց պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողի մայրը՝ տիկին Կիման:

Նա նշեց՝ իրենք չեն ապրում, իրենց ապրելը տառապանք է. «Ես եմ ու այդ մինուճար տղան: 28 տարի պահել, մեծացրել եմ, Նիկոլ, քո նմանների համա՞ր»:

Անհետ կորած զինծառայողի մոր պատմելով, տղաներին առանց հետախուզության, առանց զենք, ավտոբուսով տարել են Զանգելան ու հանձնել են, 7 կիլոմետր առաջ են տարել գրավյալ տարածք։

«Անխիղճորեն տարան, հանձնեցին, քանի որ առաջնագծում զոհեր չկային, ապացույցներ էին պետք, իրենց զոհեր էին պետք: Տարան ու մեր երեխաներին մատաղ արեցին թշնամու առաջ: Գեներալ Մակարյանը մեզ պատասխանեց՝ վրիպում է եղել: Վրիպումի պատճառով 40 երեխու կյանքի հետ խաղացին, նախիր էիք տանո՞ւմ: Բայց այսօր նստած է աթոռին ու չի դատվել: Հրամանատար Արսենը ողջ-առողջ տուն է եկել:

Բոլոր պատկան մարմիններին դիմել եմ, ոչ մեկին հետաքրքիր չէ, քանի որ իրենց երեխաները չեն: Իրենց երեխաները ջիպերով ման են գալիս: Այսօր աղքատի երեխաներն են կորել ու զոհվել իրենց նմանների համար, որ բարեկեցիկ կյանքով ապրեն:

Իրենց հետաքրքիր չէ անհետ կորած զինծառայողի մատղաշ երեխաներն ինչպես են ապրում: Տարած օրվանից աշխատավարձն էլ կտրել են»,- ասաց տիկին Կիման:

Անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը նշեց, որ եթե այս կառավարությունը գերիների հարցը չի կարողանում լուծել, այդպիսի կառավարություն ինչի՞ է պետք:

«Այսքան ժամանակ այսքան դավաճանված պատերազմ չի եղել, այսքան մարդկանց չեն տարել, զոռով կոտորել: Ունենք փաստեր, տեսագրություններ, հենց այնպես չենք ասում: Աստված չանի, եթե ինչ որ մեկիս հետ ինչ որ անսպասելի բան կատարվի, այդ ամբողջ ինֆորմացիան մտնելու է համացանց: Այդ ժամանակ թող բռնվեն: Կա ինֆորմացիա, թե ով ինչ արեց, որ գեներալն ինչ գործողություններ  կատարեց, որ ռազմաճակատի այդ հատվածում ունենան ոչ թե հաջողություն, այլ  ձախողում»,- ասաց նա:

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն ասաց. «Ամեն ինչ ծամել դրել ենք պետության բերանը, վախենում են կուլ տան, փուշը չմնա կոկորդները»:

Ծնողներից մեկը շարունակեց. «Այսքան ժամանակ անցել է, չենք զգացել, որ մեկը մեր ցավը զգա, մենակ այս ծնողներն են գիշեր-ցերեկ լացում: Այս մարդիկ եկել են, այս սիրուն շենքում աթոռներ են գրավել, ՊՆ-ում 3000 հոգի է աշխատում, ի՞նչ են անում: Մի հարց չեն լուծել, բայց բյուջեից փող են ստանում, պագոնները դրած է, փորների լիքը, ավտոներ են քշում: Եթե կա մեկը, ով կգա ու կասի՝ ես կգնամ, գերիներին կբերեմ, անհետ կորածների հարցը կլուծեմ, մենք նրան կասենք՝ մեր ազգի ղեկավարն ես: Մնացածը սուտ են ու խաբեբաներ, իրավունք չունեն կառավարելու այս ժողովրդին»:

Կան անհետ կորած զինծառայողների ծնողները նշեցին նաև, որ իրենց երեխաներին տեսել են թշնամու կողմից տարածված տեսանյութերում, սակայն նրանց անունները հաստատված չեն գերեվարվածների ցանկում, պահանջում են, որ հստակ տվյալներ տրվեն:

Placeholder