Ալիևը Հայաստանում «որոշակի ուժերին կոչ է անում հրաժարվել Ղարաբաղում ռևանշից»
Քաղաքական
16:27 15/02/2021
Տարածաշրջան

Ալիևը Հայաստանում «որոշակի ուժերին կոչ է անում հրաժարվել Ղարաբաղում ռևանշից»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանում որոշակի ուժերի կոչ է արել հրաժարվել Ղարաբաղում ռևանշի փորձերից: Այս մասին գրում է Interfax.az-ը։

«Այսօր Հայաստանում որոշ ռևանշիստական ուժեր փորձում են գլուխ բարձրացնել: Նրանք փորձում են սպառնալ Ադրբեջանին նոր սադրանքներով, նոր պատերազմով: Նրանք պետք է հասկանան, որ մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր պահերին, վերահսկում ենք ամեն ինչ և թույլ չենք տա, որ հայկական ֆաշիզմը հերթական անգամ գլուխ բարձրացնի», - հայտարարել է Ալիևը` այցելելով Լաչինի շրջան:
Ալիևը հայտարարել է, թե «մենք ոչնչացրել ենք հայկական ֆաշիզմը, թշնամուն քշել մեր հայրենի հողերից»:

«Մենք, կարելի է ասել, ոչնչացրեցինք հայկական բանակը: Հայկական բանակ գոյություն չունի, այն ոչնչացված է: Նրանք իրենք են խոստովանում, որ պատերազմի ընթացքում ունեցել են 10 հազար դասալիք»,-ասել է Ալիևը։

Ալիևը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, որը տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 10-ին, դարձել է Հայաստանի կապիտուլյացիան և թույլ է տվել Ադրբեջանին վերադարձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները:

«Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քարվաճառի շրջանները: Սա էր բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառը: Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին ապահովել, որ 5 շրջան վերադարձվի Ադրբեջանին, Ադրբեջանը գոհ լինի դրանով, Լեռնային Ղարաբաղը ինչ-որ ժամանակ անկախանար, իսկ Քարվաճառի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը», - ասել է Ալիևը, հավելելով, որ Ադրբեջանը ուժով ու համարձակությամբ կարողացավ «ազատագրել» տարածքները:

Placeholder
Ալիևը Հայաստանում «որոշակի ուժերին կոչ է անում հրաժարվել Ղարաբաղում ռևանշից»