Քրեական գործը բաղդատվում է ու դրանով իսկ սկսում հանցագործության կոծկման պրոցեսը. Արթուր Ղազինյան
Իրավունք
12:06 15/02/2021
Հայաստան

Քրեական գործը բաղդատվում է ու դրանով իսկ սկսում հանցագործության կոծկման պրոցեսը. Արթուր Ղազինյան

Դեռևս դեկտեմբերի 22-ին մի խումբ փաստաբաններ հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազին պետական դավաճանության հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Գլխավոր դատախազությունն այն ուղարկել էր ՀՔԾ:

«Եթե քրեական գործ հարուցելու հիմքը, առիթը կա, ապա ՀՔԾ-ն պարտավոր էր քրգործ հարուցելու մասին որոշում կայացնել: ՀՔԾ-ն 3 որոշում կարող էր կայացնել՝ գործ հարուցել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության:

Մինչդեռ իրենք գրությամբ են պատասխանել՝ նշելով, որ ձեր հաղորդումը կցել ենք Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրգործի նյութերին և քննելու են այդ գործի շրջանակներում, մինչդեռ Քրեական դատավարության օրենքսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում։

Մենք իրենց անգործությունը վիճարկել ենք դատարանում և դատարանից խնդրել ենք մեր իրավունքի խախտումը վերացնել: Այսինքն՝ պետք է պարտավորեցվի ՀՔԾ-ին, որպեսզի իրենք պատշաճ որոշում կայացնեն: Եթե մեր ներկայացրած փաստերը չեն վկայում առերևույթ դավաճանության մասին, ապա պետք է քրեական գործի հարուցումը մերժվի»,- մանրամասնեց Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքի քննությունը։

2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը լրագրողներին ասաց, որ դատախազության աշխատանքին այս առումով պետք է տրվի իրավական գնահատական, միգուցե ավելի հավանական է քրեաիրավական գնահատական, քանի որ դատախազությունն ակնհայտ չարաշահել է իր  լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքներ, առայժմ անզգուշությամբ։

«Եթե ապացուցվի, որ դա տեղի է ունեցել քաղաքական փոխհամաձայնության արդյունքում, մասնավորապես եղել է  համաձայնեցված  երկրի բարձրագույն քաղաքական իշխանության հետ, որ դատախազությունը զեկուցել է այս բոլոր հաղորդումները պետության ղեկավարին և ստացել  անմիջական քաղաքական հրահանգ մերժել քրեական գործի հարուցումը, ապա այստեղ գործ կունենանք պետական դավաճանության հանցակցության հետ։ Ակնհայտ է, որ դատախազությունը պարտավոր էր հարուցել քրեական գործ, քրգործի հարուցումը մերժել և ըստ քննչական ենթակայության ուղարկել։

Մինչդեռ իրենք Մովսես  Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցել են քրեական գործ, որը վերաբերվում է մի խումբ  բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները  չարաշահելու փաստին, և պատերազմի ու առհասարակ արցախյան հակամարտության, պետական դավաճանության հետ կապված բոլոր հաղորդումներն ուղարկվում են կցվելու այդ քրեական գործին։ Հանցագործության մասին մեր ներկայացրած հաղորդումների՝ հիմնական մասով առնչությունը քիչ է արդեն իսկ հարուցված քրեական գործին»,- ասաց նա։

Ա. Ղազինյանի խոսքով, դատախազությունը որոշել է բաղդատել այս քրեական գործի քննությունը՝ մի մասը քննվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, մի մասը քննվում է ՀՔԾ վարույթում, որոշ դրվագներ առկա են նաև Քննչական կոմիտեում։

«Այսինքն, բաղդատվում է ու դրանով իսկ սկսում արդեն հանցագործության կոծկման պրոցեսը»,- ասաց Արթուր Ղազինյանը։
 

Placeholder
Քրեական գործը բաղդատվում է ու դրանով իսկ սկսում հանցագործության կոծկման պրոցեսը. Արթուր Ղազինյան