«Արա Սաղաթելյանը կալանավորվեց»
Իրավունք
22:56 21/02/2021
Հայաստան

«Արա Սաղաթելյանը կալանավորվեց»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ,  որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Այս մասին լրագրողներին հայտնեց Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Արա Սաղաթելյանին, նաև վերլուծաբան Կարեն Բեքարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով: Կարեն Բեքարյանը ձերբակալված է։

Նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել նաև Մհեր Ավագյանին, ով այսօր ազատ է արձակվել. դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, նաև դատարանը մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նույն գործի շրջանակում կալանավորված է նաև Արամ Լևոնի Սարգսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշումը, բայց բավարարել է քննիչի միջնորդությունը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։

«Որոշումը դեռ չենք ստացել։ Ճիշտն ասած չեմ էլ պատկերացնում, թե ինչ պետք է նշված լինի, քանի որ քննարկման ընթացում այնպիսի հարցեր են եղել, այնպիսի փաստական տվյալներ են ներկայացվել, որոնք վառ երևակայության ենթադրություններ են։

Եթե մի համակարգչային ծրագրից մի մարդ օգտվում է օրինական եղանակով, այդ թվում Արա Սաղաթելյանինը, այդ պայմաններում բոլորս էլ կարող էինք այդ VPN-ից օգտվել։ Դուրս է գալիս, որ հազարավոր մարդիկ կարող են մեղադրվել այդ կեղծ, թե իրական օգտատիրոջ «ղեկավար» լինելու մեջ»,- ասաց պաշտպանը։

Հ. ԵՆոքյանի խոսքով, որևէ փաստական տվյալ չկար, միակ բանը, որ կարող էր «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ հետ կապել Արա Սաղաթելյանին, երկուսն էլ օգտվել են Proton VPN սերվերի IP նույն հասցեից, ինչը տեխնիկապես բացառված չէ, կարող են հազարավոր մարդիկ օգտվել միայն Հայաստանից։

Նա ասաց, որ քննչական մարմինը մեղադրանքն այնպես է ձևակերպել, որ խուսափի անհատականացնելուց, արհեստականորեն որակվել է որպես կազմակերպած խումբ, որպեսզի չասեն Մհեր Ավագյանն ինչ է արել, Արա Սաղաթելյանն ինչ է արել։

Հ. Ենոքյանը նշեց, որ մեղադրանքը հստակ չէ, արհեստականորեն ծանրացվել է, դրվել է կազմակերպված խումբը, որով մեղսագրվող արարքը ծանր հանցագործություն է դարձել։

«Չկա մի փաստական տվյալ, որով ուղղակիորեն, անուղղակիորեն, ենթադրաբար հաստատվի, որ Արա Սաղաթելյանն ինչ-որ անձանց հետ պայմանավորվել է խումբ ստեղծելու մասին։ Չկան թեկուզ քողարկված խոսակցություններ»,- ասաց Ա. Սաղաթելյանի պաշտպանը։

Դատարանի որոշումը բողոքարկվելու է։

Placeholder
«Արա Սաղաթելյանը կալանավորվեց»