Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Իրավունք
18:45 21/02/2021
Հայաստան

Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։

Պաշտպան Հակոբ Ենոքյանը Panorama.am-ին հայտնեց, որ  դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատական ակտի հրապարակման ժամը դեռևս հայտնի չէ։

Ենոքյանը նշեց, որ քննության ժամանակ միայն ենթադրություններ են հնչել, Արա Սաղաթելյանի առնչակցության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել. «Աբսուրդային ենթադրություններ են։ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներում դիրքորոշում է ձևավորել, որ գոնե ոչ թե ապացույց, այլ ուղղակի փաստական տվյալներ պետք է լինեն, որ անձն առնչվում է առաջադրված մեղադրանքին։ Այդ մասով ոչ մի փաստական տվյալ չկա, միայն ենթադրություններ են»։ 

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով:

Հակոբ Ենոքյանն ասաց, որ այս հոդվածների մասով էլ աբսուրդային վիճակ է։

«Քննչական մարմինների ներկայացուցիչներն ասացին բոլոր փաստերը, հրապարակումները վերաբերում են բոլոր մեղադրանքներին, դեպքերին։  Բայց աբսուրդային վիճակ է։ Քրեական օրենսգրքի  226 և 226.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունները նույն դեպքով մեկը մյուսին հակասող են, այսինքն՝ մեկը կարող է լինել, եթե մյուսի հատկանիշները չկան, եթե չկա 226-ի հատկանիշները, նոր կարող է լինել 226.2–ը։

Կամ՝ 307.4-րդ հոդվածը... Այդ նորմի հիման վրա որպեսզի հնարավոր լինի քրեաիրավական ներգործություն կատարել, պետք է բլանկետային նորմին հղում կատարել, այսինքն կառավարությունը ունենա համապատասխան որոշում ռազմական դրության կամ ռազմական դրության ռեժիմի մասին։

Կոնկրետ տեղեկատվության մասով կառավարությունը դեկտեմբերին փոփոխություն է կատարել  ու ուժը կորցրած ճանաչել։ Փաստացի դուրս է գալիս այդ հոդվածը գործունեության առումով ապաքրեականացված է կոնկրետ այս ռազմական դրության մասով։

Նման պայմաններում էլ կալանավորում են պահանջում»,- նշեց Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Placeholder
Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ