Հնարավոր չէ երջանիկ ապրել, եթե կողքիդ կա ողբերգություն. Ռուբեն Բաբայան
Մշակույթ
15:31 22/02/2021
Հայաստան

Հնարավոր չէ երջանիկ ապրել, եթե կողքիդ կա ողբերգություն. Ռուբեն Բաբայան

«Փետրվարի 25-26-ին մենք հանդիսատեսի դատին կներկայացնենք նոր բեմադրություն՝ Չեխովի «Երեք քույրերը», որի բեմադրիչը Սամսոն Մովսեսյանն է»,- մամուլի ասուլիսում հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝  ուրախություն հայտնելով, որ մշակույթի օջախները վերսկսում են իրենց աշխատանքները:

Բաբայանը տեղեկացրեց, որ նոր ներկայացումը դրամատիկ բովանդակություն ունի և խաղալու են ոչ հայտնի ֆորմատով, այլ՝ հետնաբեմում, իսկ դերասանական կազմը բաղկացած է թատրոնի և  հրավիրված երիտասարդ դերասաններից:

Բանախոսը հայտնեց, որ մեկնարկող թատերաշրջանում կունենան նաև այլ ներկայացումներ՝ «Կարմիր գլխարկի»  ժամանակակից տարբերակը, ինտերակտիվ մոնոներկայացում կոկորդիլոսի մասին, ինպես նաև Հարրի Փոթերի թեմայով նոր բեմադրություն:

Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն էլ նկատեց, որ իր բեմադրած ներկայացումը Չեխովի «Երեք քույրերի» այսօրվա ընթերցումն  է, որի հիմնական ասելիքն այն է, որ պետք չէ շատ խոսել ապրելու մասին, այլ ուղղակի պետք է ապրել:

Նրա խոսքով՝ Չոխովի դրամատուգիայի ողջ ասելիքն այն է, որ այսօրով պետք է ապրել, այլ ոչ թե վաղվանով կամ նախորդ օրով, իսկ համաճարակի և պատերազմի ֆոնին թատրոնն ամենաշատն է մարդում կապում կյանքին:

Սամսոն Մովսեսյանը նկատեց, որ բոլորը կարոտել են և ցանկանում են առնչվել մշակույթի, թատրոնի, արվեստի յուրաքանչյուր ճյուղի հետ:

«Թատրոնը ժամանակի արվեստ է, ստղծվում է այդ պահին և նրա համար, իսկ ժամանակի զարկերակը լավագույնս զգում են երիտասարդները, այդ պատճառով էլ ավելի շատ տեղ ենք հատկացնում երիտասարդությանը»,-նկատեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ բացատրելով, թե ինչու են ներկայացման մեջ հիմնականում ընդգրկել երիտասարդ դերասանական կազմը:

Նրա խոսքով, ինչպես այս, այնպես էլ մյուս ներկայացումներում կխաղան նաև ավագ սերնդի դերասանները, քանի որ թատրոնը մի ընտանիք է և ավագ սերունդը միշտ երիտասարդներին փոխանցելու բան ունի:

Իսկ հասարակության ձգտումը դեպի թատրոն  Ռուբեն Բաբայանը բացատրեց շրջապատում առկա բացասականը բալանսավորելու ձգտումով և հիշատակեց Դոստոևսկու խոսքը, որ կյանքը պետք է սիրել ավելի շատ, քան կյանքի իմաստը:
 
Նա նկատեց, որ հնարավոր չէ երջանիկ ապրել, եթե կողքիդ կա ողբերգություն և այնպես պետք է անել, որ այդ ողբերգությունը պակասի:

«Սեր ու հավատ ներշնչել կյանքի վերաբերյալ, քանի որ մենք գալիս ենք դարերից և գնալու ենք դարեր»,-եզրափակեց Բաբայանը:

Placeholder
Հնարավոր չէ երջանիկ ապրել, եթե կողքիդ կա ողբերգություն. Ռուբեն Բաբայան