Նոր կարգով ԿԳՄՍ նախարարությունը չի լուծում իր իսկ մատնանշած խնդիրը. Սերոբ Խաչատրյան
Կրթություն, գիտություն
14:13 22/02/2021
Հայաստան

Նոր կարգով ԿԳՄՍ նախարարությունը չի լուծում իր իսկ մատնանշած խնդիրը. Սերոբ Խաչատրյան

ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության» նոր կարգը:

Գործող կարգով դիմորդները բուհերի ընդունելության մրցույթի դիմում-հայտում հայտագրում են մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ըստ ուսումնասիրությունների՝ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով՝ գրեթե բացառիկ դեպքերում:

«8 մասնագիտություն հայտագրելու հնարավորությունը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնրավորությունը, քանի որ դիմորդները հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք ունեն պարզապես նույն մրցութային քննությունները: Արդյունքում բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտությունների մրցութային տեղերում»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության հրապարակած փաստաթղթում:

Նախագծով առաջարկվում է ընդունելությունը կազմակերպել երկու փուլով: Հիմնական փուլի մրցույթն անցկացվի մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում պետք է լրացնի բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված  կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը:

Ըստ նոր կարգի՝ ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն առաջին փուլում մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ և այդ մասնագիտություններում առկա են անվճար և վճարովի թափուր տեղեր:  
      
«Այսպիսով հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով  բուհ ընդունվելու հնարավորությանը»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության հիմնավորման մեջ։

«Նոր մոտեցումը շատ բան չի փոխում, ընդամենը որոշ ֆակուլտետների համար որոշակի խնդիր կստեղծի: Օրինակ՝ եթե նախկինում ընդունվում էին ավելի բարձր միավորներ ստացածները, այնուհետև՝ ցածրերը, ապա նոր մոտեցմամբ առաջնային ընդունվում են առաջին հայտով այդտեղ դիմածները, հետո նոր, եթե թափուր տեղ է մնում, երկրորդ փուլով այդ տեղերի համար դիմողները»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր է խնդիր առաջանա, որ բավականին բարձր միավորով դիմորդները ստիպված լինեն կրկին մնալ այն տեղերի հույսին, որոնք իրենք չեն ուզում:

Փորձագետի բերած օրինակով, եթե շրջանավարտն առաջին հայտով դիմում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ և բարձր միավորներով դուրս է մնում մրցույթից , ապա երկրորդ փուլում ազատ տեղեր չի լինելու այն ֆակուլտետներում, որոնք կցանկանար ընդունվել, քանի որ առաջին հայտով և շատ ցածր բալերով այդ ֆակուլտետի տեղերն արդեն լրացած կլինեն:

Սերոբ Խաչատրյանը նկատեց, որ այդպես կրկին դիմորդը հասնելու է մինչև մարզային ինչ-որ ԲՈՒՀ-ի իրավագիտության ֆակուլտետը, կամ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, որը չէր ցանկանում: 

«Այս տարբերակում նախարարությունը ֆետիշացնում է մասնագիտական կողմնորոշում կոչվածը: Մտածում են՝ դիմորդը երազում է այդ մասնագիտությամբ սովորել, ուրեմն դա պետք է կարևորել: Սակայն գիտենք, որ մասնագիտական ընտրության ժամանակ դիմորդները հազար ու մի գործոն են հաշվի առնում: Օրինակ՝ շատ դիմորդներ կան, որ ուզում են իրավաբան դառնալ, բայց հաշվարկում են, որ չեն կարող այդտեղ ընդունվել, կամ եթե ընդուվեն էլ՝ վարձը չեն կարող տալ, և այդ պատճառով իրենց այդ երազանքից հրաժարվում են, և դիմում է ավելի համեստ ֆակուլտետ, որովհետև այդտեղ կարող է ընդունվել և վարձը տալ»,- հայտարարեց Խաչատրյանը:

Panorama.am-ի դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարարությունը հիմնավորում է, որ դիմորդները նախկինում ստիպված ընդունվում էին այնպիսի ֆակուլտետներ, որոնք չէին ուզում, իսկ նոր նախագծով հնարավորություն է տրվում նախընտրած մասնագիտությամբ ընդունվել, կրթության փորձագետը նկատեց.

«Նոր կարգով էլ է նույն բանը լինելու: Եթե դիմորդը ցանկանում է իրավաբան դառնալ և տեսնում է, որ իրավաբանական ֆակուլտետում պետպատվերի տեղերը քիչ է, հաշվարկում է, որ ինքն այդ տեղերին չի կարողանա հավակնել, ապա  հավանականությունը մեծ է, որ առաջին հայտում չգրի իրավաբանական ֆակուլտետի անունը»:

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ նախարարության այս լուծումն օգնում է այն դիմորդին, որը պատրաստ է տվյալ ֆակուլտետի վարձը տալ ու գնում է այդտեղ: Բայց դրականն, ըստ նրա, այն է, որ նման շատ բարձր պահանջարկ ունեցող ֆակուլտետները ԲՈՒՀ-երում քիչ են:

Նա պարզաբանեց, որ նոր կարգով դիմորդը տալիս է իր նախընտրած քննությունները, այնուհետև ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, թե այդ քննություններով որտեղ կարող են ընդունվել , բայց բուհերն են հայտարարում իրենց ընդունելության նվազագույն շեմերը, իսկ գործող կարգով դիմորդը քննություն է տալիս և հետագայում նոր պարզում, որ չի հավաքել իր դիմած ֆակուլտետի համար նախատեսված բալերը:

«Բայց այնպես չէ, որ նոր կարգով մենք երեխայի մասնագիտական կողմնորոշումը 100 տոկոս բավարարում ենք»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը:

Ա. Վարդանյան
 

Placeholder