Արա Սաղաթելյանի հետ տեսակցություններն արգելելու վերաբերյալ քննիչի որոշումը կբողոքարկվի. Պաշտպան
Իրավունք
13:06 25/02/2021
Հայաստան

Արա Սաղաթելյանի հետ տեսակցություններն արգելելու վերաբերյալ քննիչի որոշումը կբողոքարկվի. Պաշտպան

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք դնելու մասին քննիչի որոշման իրավաչափությունը վիճարկվելու է:

Panorama.am-ի հետ զրույցում Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պարագայում ընդունված պրակտիկա է, որ կալանավորված անձանց հետ կապված ընտրում են կանխարգելիչ միջոց, որ անձը չհաղորդակցվի այլ անձանց հետ:

«Բայց քանի որ պարոն Սաղաթելյանի մասով արգելքը նաև վերաբերում է ընտանիքի անդամներին, մասնավորապես կնոջն ու 10-ամյա որդուն, այդ մասով իրավաչափությունն անպայման կվիճարկենք:

Որևէ մեկն իրավունք չունի նրա ընտանիքի անդամների տեսակցելու իրավունքը սահմանափակել, այդ թվում այդ ամեն ինչը չի բխում նրա 10-ամյա որդու լավագույն շահերից՝ ծնողի հետ չշփվելու  առումով ի նկատի ունեմ:

Ընդհանուր արգելափակել են, երևի իրենց մոտ պրակտիկան այդպես է ընդունված, որ միանգամից փակեն»,- նշեց պաշտպանը:

Հ. Ենոքյանն ասաց, որ քննիչի որոշումը խնդրել է նախաքննական մարմնից, ստանալուց և հիմքերին ծանոթանալուց հետո կբողոքարկի:

Պաշտպանը տեղեկացրեց, որ Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Բողոքը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:

Արա Սաղաթելյանին, նաև վերլուծաբան Կարեն Բեքարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով: Կարեն Բեքարյանն ազատ է արձակվել: Նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել նաև Մհեր Ավագյանին, ով նույնպես ազատ է արձակվել:

Նույն գործի շրջանակում կալանավորված է Արամ Լևոնի Սարգսյանը։
 

Placeholder
Արա Սաղաթելյանի հետ տեսակցություններն արգելելու վերաբերյալ քննիչի որոշումը կբողոքարկվի. Պաշտպան