Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ օգտատերեր տարածում են ԱԺ աշխատակազմի, Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի լուսանկարն ու պահանջում ազատ արձակել նրան։
Քիչ առաջ ֆեյսբուքյան իր գլխավոր լուսանկարը փոխել է նաև Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն ու տեղադրել Արա Սաղթելյանի լուսանկարը։
«Ազատություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին»,- գրված է լուսանկարի վրա։
Ավելի վաղ Մինասյանը, անդրադառնալով Արա Սաղաթելյանի ձերբակալմանը, ապա կալանավորմանը, գրել էր.
«Արիկի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանում ու չի կարողանալու մոռացության տանել Մարաղան, Բաքուն, Սումգայիթը և ադրբեջանական բոլոր մնացած վայրագությունները՝ իրականությունն այլևս միշտ կլինի միջազգային հանրության համար հասանելի։ Արիկի շնորհիվ միջազգային մամուլը տարիներ շարունակ և հատկապես ապրիլյանի ժամանակ մեզ, այն է՝ ճշմարտությանը, թև ու թիկունք էր, ի տարբերություն վերջին պատերազմի տոտալ անտերության»։
Քաղաբանտարկյալ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու նրա լուսանկարներն իրենց էջերում հրապարակել են նաև «Վետօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Քառյակ Մեդիա»-ի հիմնադիր Արման Սաղաթելյանը, որը Արա Սաղաթելյանի եղբոր որդին է։ Լուսանկարը տարածել են նաև քաղաքական-հասարակական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Արա Սաղաթելյանին նախ ձերբակալել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել է իբր «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքում կեղծ էջ բացելու ու «հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր անելու» մեղադրանքով։ Մինչ Սաղաթելյանն անազատության մեջ է, Գագիկ Սողոմոնյան անունով օգատատիրոջ թե ֆեյսբուքյան էջում, թե թելեգրամի ալիքում ամեն օր մի քանի հրապարակումներ են արվում։
Փաստաբանները պնդում են, որ Արա Սաղաթելյանին կալանավորելու դատարանի որոշումը կայացվել է քաղաքական ճնշման ներքո։ Նրանք հայտարարել են, որ բողոքարկելու են Սաղաթելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը։