ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան
Քաղաքական
20:23 28/02/2021
Հայաստան

ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան

«Գործ ունենք քաղբանտարկյալի դասական կարգավիճակի հետ, երբ ծանութանում ենք գործի հիմքում ընկած իրավաբանական և փաստական հանգամանքներին»,-հայտնեց Արա Սաղաթելյանի ազատ արձակման պահանջով ստորագրահավաք կազմակերպած խմբի անդամ սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա տեղեկացրեց, որ Սաղաթելյանի մեղադրանքի հիմքում Քրեական օրենսգքի երեք հոդված է դրվել, որոնցից 2-ը միաժամանակ չէին կարող կիրառվել մեկ անձի նկատմամբ, իսկ երրորդը՝ 307.4-ը, Սահմանադրական դատարանի որոշմամբ  կասեցված է:

«Կասեցված իրավական նորմի հիման վրա մարդուն կալանավորել են, և փաստական հանգամանքների հետ կապված նույնպես ծիծաղելի իրավիճակ է, ընդամենը ֆեյսբուքյան մեկ կեղծ օգտատիրոջ մասով գործ է հարուցվել պատերազմի ամենաթեժ շրջանում»,- հայտնեց սահմանադրագետը:

Նրա խոսքով, VPN հավելվածով գտել են հեռախոսից օգտվողի IP հասցեն և հետագայում  նույն VPN հավելվածով Արա Սաղաթելյանի IP հասցեն համընկել է, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում ՀՀ տասնյակ քաղաքացիների IP հասցեներ են համընկել:

«Պարոն Սաղաթելյանի բախտը չէր բերել, նա տասնյակ մարդկանց նման ընտրել էր այն հասցեն, որից օգտվել էր այդ կեղծ օգտատերը, ընդորում, նշեմ, որ բացի նրանից, այդ նույն հասցեում տասնյակ քաղաքացիների հասցեներ կային նույնականացված և այդ ցանկից ընտրվել են իշխանությանը ոչ հաճո անձինք, ինչը քաղաքական հետապնդման արդյունք է»,- հայտարարեց Գոհար Մելոյանը

Նա շեշտեց, որ ԵԽԽՎ  բանաձևը հստակ տալիս է քաղաքական բանտարկյալի հասկացությունը և դրա ներքո ամբողջովին տեղավորվում է Արա Սաղաթելյանի գործը:

Նա տեղեկացրեց, որ մի քանի ժամվա ընթացքում արդեն 500-ից ավել քաղաքացի է միացել քաղբանտարկյալին անհապաղ ազատ արձակելու ստորագրահավաքին, այն շարունակելու են և հույս ունեն, որ  գործի վերաքննության ժամանակ սաղաթելյանը ազատ կարձակվի:


Մելոյանի խոսքով՝ հավաքված ստորագրությունները կփոխանցեն փաստաբանին՝ որպես լրացուցիչ հանգամանք դատարանին ներկայացնելու համար:

Գոհար Մելոյանը նաև հայտնեց, որ սաղաթելյանի հետ արգելվել է ոչ միայն բոլոր տեսակցությունները,  այլև անչափահաս զավակի հետ հանդիպումը և ԱԱԾ-ի կողմից որևէ կերպ չի հիմնավորվել այդ արգելքը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Սաղաթելյանը քաղբանտարկյալ է և նրան մեկուսացնում են հանրությունից:

Նա նկատեց, որ պատերազմի ժամանակ Արա Սաղաթելյանը մեծ աշխատանք է տարել հակաադրբեջանական քարողչության ուղղությամբ և կասկածելի է որ պատերազմից անմիջապես հետո նրան ձերբակալում են:

«Մեր ադրբեջանամետ իշխանությունների կողմից Ադրբեջանին թշնամի հանդիսացող անձանց քաղաքական հերթական հետապնդումների շարքից է»,- նկատեց սահմանադրագետը և հավելեց. «Արա Սաղաթելյան հետպատերազմայն Հայաստանի առաջին քաղբանտարկյալն է»:

 

Placeholder