Ուկրաինան հայտարարել է, որ երբեք չի գրանցի «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Աշխարհում
18:41 05/03/2021
Աշխարհ

Ուկրաինան հայտարարել է, որ երբեք չի գրանցի «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ոչ մի դեպքում չի գրանցվի Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Մակսիմ Ստեպանովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարի վերջին Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել մի օրինագծի, որը նախատեսում է պատվաստանյութերի օգտագործման գրանցման հնարավորություն, պայմանով, որ առկա են հաջող նախակլինիկական փորձարկումների ապացույցներ, և կլինիկական փորձարկումներն իրականացվել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Իսրայելի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Բրազիլիայի կամ Եվրամիության համապատասխան իրավասու մարմինների թույլտվությամբ:

Նույն փաստաթղթում նշվում է, որ դեղամիջոցը չպետք է մշակված լինի Ռուսաստանի Դաշնությունում: Փետրվարին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է երկրում կորոնավիրուսային վարակի դեմ Ռուսաստանում արտադրվող պատվաստանյութերի գրանցումը:

«Ես արդեն մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Սպուտնիկ V»-ն ոչ մի պարագայում չի գրանցվի երկրի տարածքում», - Ռադայում իր ելույթի ժամանակ ասել է Ստեպանովը:

Placeholder
Ուկրաինան հայտարարել է, որ երբեք չի գրանցի «Սպուտնիկ V» պատվաստանյութը