Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում ազգի համար, դավաճանեցին մեզ. Արմինա Դարբինյան
Քաղաքական
16:09 10/03/2021
Հայաստան

Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում ազգի համար, դավաճանեցին մեզ. Արմինա Դարբինյան

«Պատմությունը մեզ ապիկար իշխանությունների տարբեր օրինակներ է ցույց տվել, եղել են բռնապետեր, հոգեկան հիվանդներ, սադիստներ, անգրագետներ, անփորձներ։ Իսկ ՀՀ իշխանության դեպքում մեկ դեմքում ամփոփված են այս բոլոր կերպարները»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց երաժշտագետ, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արմինա Դարբինյանը։

Նրա խոսքով, ահավոր իրավիճակ է Հայաստանում։ Նա նշեց, որ իշխանությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի նկատմամբ այնպես, ինչպես ծնողն ընտանիքի համար, ու երբ ծնողը հարբեցող է, թմրամոլ է..., ապա նրան զրկում են ծնողական իրավունքից։

«Մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում ազգի համար, դավաճանեցին մեզ՝ թողնելով ծանր վիճակում։ Դա վերաբերում է թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛՝ Արմեն Սարգսյանին»,- ասաց նա։

Ըստ Արմինա Դարբինյանի, անտարբեր նստել չի կարելի, պետք է ալիք բարձրացվի, պետք է մարդիկ իրենց գործունեության շրջանակներում ձայն բարձրացնեն, պետք է չկողմնորոշվածների մոտ կարծիք ձևավորվի։

«Ով ուզում է գա իշխանության, արդեն Հայաստանն առաջվանը չէ։ Մենք պետք է արդեն հսկողություն ունենանք։ Մտավորականությունը պետք է եկող իշխանություններին աչքի առաջ պահի, չպետք է անտարբեր լինել։ Ոնց հատ-հատ քանդել են, այդպես փոքր-փոքր պիտի վերականգնենք։ Այնքան բան կա անելու, որտեղից էլ սկսենք, ավելի վատ չի լինելու։ Հարկավոր է ծնողական իրավունքից զրկել այս դավաճաններին»,- եզրափակեց խոսքը Արմինա Դարբինյանը։

Placeholder