«Իմ քայլի» պատգամավորները լավ էլ ազդվում են այս վիճակից. Միքայել Մելքումյան
Քաղաքական
14:12 10/03/2021
Հայաստան

«Իմ քայլի» պատգամավորները լավ էլ ազդվում են այս վիճակից. Միքայել Մելքումյան

«Կարևոր է, որ Ազգային ժողովի հիմնական մուտքերը փակ են: Ունի ոչ թե տեխնիական, այլ մեծ բարոյական ու քաղաքական նշանակություն»,- Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, իրենց քայլերի միջոցով ժողովուրդը Հայրենիքի փրկության շարժման գլխավորությամբ ստիպում է քաղաքական մեծամասնության պատգամավորներին քննարկել մեկ հարց՝ ճգնաժամից դուրս գալու հարցը, այն է՝ ռազմական դրության վերացում, հրաժարականի պահանջ:

Մ.Մելքումյանն ասաց, որ պատգամավորները  լավ էլ ազդվում են այս վիճակից, իրենք են շփվում նրանց հետ, գիտեն:

«Այս գործընթացը քաղաքական է, որևէ մեկը չի պատրաստվում գնալ հակասահմանադրական ճանապարհով: Ժամանակի ընթացքում հասունանալու է հրաժարականի պահանջը: Իրենք էլ են գիտացել, դրա համար արտահերթ ընտրությունների  խնդիր է  դրվում»,- ասաց ԲՀԿ-ական պատգակավորը:

Նա նշեց, որ, ըստ էության, այսօր կառավարման պետական համակարգը կազմալուծված է:

«Անիշխանության վիճակում շարունակել երկար գնալ՝ հղի է մեր պետականության կորստի ամենառեալ վտանգներով»,- ընդգծեց նա:

Մ.Մելքումյանի խոսքով, հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը պետք է հանրային ճնշումը մեծացնի, երեկվա տեղի ունեցածը՝ ԱԺ երկրորդ մուտքի փակումը, այդ քայլերից մեկն է:

«Կշարունակվի հանրային ճնշումը, դրան զուգահեռ, կարծում եմ, մարզերում ցանցային ձևով կշարունակվի ճնշման գործընթացը:

Մի փոքր էլ համբերեք, արդյունք կլինի, արտահերթ էլ կլինի, լավ երկիր էլ կունենանք»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Placeholder