Նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակի պղծման ցանկացած դրսևորում համարում ենք անբարոյական. Զախարովա
Քաղաքական
17:32 12/03/2021
Աշխարհ

Նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակի պղծման ցանկացած դրսևորում համարում ենք անբարոյական. Զախարովա

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի  կողմից օկուպացրած Արցախի տարածքներում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների դեմ վանդալիզմի գործողությունները:

Լրագրողի հարցը և Զախարովայի պատասխանը՝ ստորև.

- Ինչպե՞ս եք գնահատում վանդալիզմի հերթական գործողությունը, որը կատարել են ադրբեջանցի զինծառայողները Արցախի Քարինտակ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրի նկատմամբ: Շուշիում (Բաքվի կողմից օկուպացված Արցախի մշակութային մայրաքաղաքը) ադրբեջանցիները քանդել են նաև Սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան Թևոսյանի հուշարձանը և ոչնչացրել քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը:

- Ես բազմիցս մեկնաբանել եմ հուշարձանների պղծման դեպքերը և հավանաբար կկրկնեմ իմ ասածը, որն հնչեցնում եմ յուրաքանչյուր ճեպազրույցի ժամանակ: Մենք համարում ենք բացարձակապես անընդունելի, անբարոյական Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարողների հիշատակի պղծման ցանկացած դրսևորում:

Ձեր մատնանշած տեղեկությունները ստուգվում են, և եթե դրանք հաստատվեն, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն իրավիճակը շտկելու համար:

Կցանկանայի հիշեցնել, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համակարծիք են՝ նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների անհավատալի ջանքերի գնով, և մեր պարտքն է պահպանել այդ հիշողությունը հանուն ապագա սերունդների: Այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել են Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահները:
 

Placeholder
Նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակի պղծման ցանկացած դրսևորում համարում ենք անբարոյական. Զախարովա