Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել, ցույց տալ Արցախի՝ ինքն իրեն գոյություն ունենալու փաստը. Նորա Մարտիրոսյան
Օրվա թեմա
17:24 12/03/2021
Հայաստան

Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել, ցույց տալ Արցախի՝ ինքն իրեն գոյություն ունենալու փաստը. Նորա Մարտիրոսյան

Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում  2020-ին ընտրված ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի  «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում։

«2020 թ․սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ֆիլմի փարիզյան պրեմիերան։ Մեր ամբողջ թիմը, բոլոր աջակիցներն ուղղակի ցնծում էին, որ Արցախի մասին ֆիլմը նկարահանվեց ու պրեմիերան կայացավ: Իսկ երբ 27-ին արթնացանք, պարզվեց, որ Արցախում պատերազմ է սկսվել: Երբ  ֆիլմը ներկայացնում էի  տարբեր կինոդահլիճներում, դժվարանում էի խոսել, որովհետև Արցախում իրավիճակն անընդհատ փոխվում էր:

Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել և ցույց տալ Արցախի ինքնին լինելը, ինքն իրեն գոյություն ունենալու փաստը: Ամենաճիշտ պատասխանը ֆիլմն է տալիս: Հավատն ու հույսը, որոնց վրա է հենված  ֆիլմը, նաև իմ հույսն ու հավատն են»,- Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ՝ պատմել է Նորա Մարտիրոսյանը ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, 2018թ․, երբ  նախագիծը  պետք է ներկայացվեր Եվրիմաժին՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, Ազգային կինոկենտրոնն արագ արձագանքել էր  ու չէր սխալվել, որովհետև նախագիծը հաջողված էր։ Այն  արժանացել էր Եվրիմաժի հավանությանը և լրացուցիչ ֆինասավորում ստացել:

Կինոկենտրոնի տնօրենը փաստել է, որ Եվրիմաժով անցած ֆիլմերի առջև մեծ հնարավորություններ են բացվում՝ ցուցադրվելով  եվրոպական դահլիճներում,  մեծաթիվ հանդիսատեսի առաջ․ «Հույս ունեմ, որ ֆիլմը հաջողություններ կունենա և այսուհետև էլ արժանի գնահատականի կարժանանա՝   հատկապես պատերազմից հետո»:

«Երբ որ քամին հանդարտվի»  համատեղ կինոարտադրության  (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա) ֆիլմը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը  ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Placeholder
Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել, ցույց տալ Արցախի՝ ինքն իրեն գոյություն ունենալու փաստը. Նորա Մարտիրոսյան