Այվազովսկու պատկերասրահի գլխավոր մասնաշենքը կփակվի այցելուների համար
Մշակույթ
13:44 12/03/2021
Աշխարհ

Այվազովսկու պատկերասրահի գլխավոր մասնաշենքը կփակվի այցելուների համար

Թեոդոսիայում գտնվող հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահում վերանոգորման աշխատանքներ են սկսվել: Պատկերասրահը գտնվում է այն շենքերում, որոնք կառուցվել են նկարչի պատվերով 19-րդ դարում:

ՏԱՍՍ-ին թանգարանի տնօրենն ասել է, որ թանգարանն այցելուների համար փակ կլինի շուրջ մեկ տարի: Նա տեղեկացրել է, որ բոլոր կտավները գլխավոր մասնաշենքից կտեղափոխվեն երկրորդ մասնաշենք: Գլխավոր մասնաշենքում վերանորոգումը կտևի 1 տարի, հետո կանցնեն երկրորդ մասնաշենքին:

Ծրագրված է շինությունների կապիտալ վերանորոգում, այդ թվում առաստաղի ծածկի փոփոխություն: Կստեղծվեն թանգարանի համար մասնագիտացված համակարգեր՝ օդափոխության և լուսավորության համար սարքավորումներ, որոնք նախատեսված են հենց յուղաներկով կտավների պահպանման համար:

Բացի այդ, շինությունները պետք է չորացնեն, քանի որ Այվազովսկու տունը ոչ այնքան հաջող վայրում է՝ գետի ափին, որի ջրերը հոսում են նաև գետնի տակով: Դրա համար էլ տեղը շատ խոնավ է:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Placeholder