Փաշինյանի անընդհատ հերքվող, անհասկանալի, անտրամաբանական հայտարարությունների շարքը լայն է. Արման Աբովյան
Քաղաքական
15:06 13/03/2021
Հայաստան

Փաշինյանի անընդհատ հերքվող, անհասկանալի, անտրամաբանական հայտարարությունների շարքը լայն է. Արման Աբովյան

«Հոգևորականների, մտավորականների, Գլխավոր շտաբի և կորպուսների հայտարարությունը ցույց է տալիս, որ իշխանությունը, որքան էլ ձևացնի, թե վերահսկում է իրավիճակը և կառավարում է երկիրը, դա, մեղմ ասած, այդքան էլ ճիշտ չէ, և այս ճգնաժամն ավելի է խորանում»,- ԱԳՆ-ի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Պատգամավորը գտնում է՝ իշխանությունը պետք է հասկանա, որ իր հրաժարականն անխուսափելի է և ներկայիս զարգացումների պայմաններում հանգուցալուծման գնալու այլ տարբերակ չկա:

Նա հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահը զորահանդեսի ժամանակ Էնվեր Փաշային է անվանում լուսահոգի, իսկ Ալիևն էլ ամեն օր սուտ թեզերը է հնչեցնում, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է, կամ՝ Երևանը: 

«Սրանք այն ազդակներն են, որ բոլորիս պետք է ստիպեն՝ որքան հնարավոր է արագ այս իրավիճակը հանգուցալուծել, քանի որ այսօր վտանգների մակարդակը աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ»,- հայտնեց Աբովյանը:

Պատգամավորը նկատեց՝ ԱԳ նախարարը հայտարարում է, որ Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ չի արվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հակառակն է պնդել և շեշտեց, որ զարմանալի չեն նման իրարամերժ հայտարարութունները: 

«Նիկոլ Փաշինյանի անընդհատ հերքվող, անհասկանալի, անտրամաբանական հայտարարությունների շարքն այնքան լայն է, որ ես նույնիսկ չեմ ուզում սևեռվեմ այս կամ այդ հայտարարության վրա»,-շեշտեց Աբովյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին համաձայն լինելու Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ պատգամավորը նկատեց, որ ԲՀԿ առաջնորդը նշել է՝ հապաղելու և դանդաղելու իրավունք չունենք և վերահաստատել է իշխանությունների հեռացման պահանջը: 

«Այստեղ պետք է չէ՞ ենթատեքստեր ման գալ, շատ հստակ և հասկանալի է՝ իշխանությունը հրաժարական է տալիս և շտապ արտահերթ ընտրություններ են անցկացվում»,- հայտարարեց Արման Աբովյանը:

 

Placeholder
Փաշինյանի անընդհատ հերքվող, անհասկանալի, անտրամաբանական հայտարարությունների շարքը լայն է. Արման Աբովյան