Չինաստանի իշխանությունները «Alibaba»-ին կտուգանեն ավելի քան 1 մլրդ դոլարով
Իրավունք
12:15 13/03/2021
Աշխարհ

Չինաստանի իշխանությունները «Alibaba»-ին կտուգանեն ավելի քան 1 մլրդ դոլարով

Չինաստանի իշխանությունները կարող են ռեկորդային տուգանքի չափ կիրառել չինական ինտերնետային հսկա «Alibaba Group Holding Ltd.»-ի համար: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այդ մասին գրել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները:

Բացի այդ, ընկերությունից պահանջվելու է նաև վաճառել ակտիվներ, որոնք չեն առնչվում նրա հիմնական էլեկտրոնային առևտրի գործառնություններին:

Աղբյուրները նշում են, որ Պեկինն ավելի մեղմ է մոտենալու «Alibaba»-ին, քան նրա կողմից վերահսկվող «Ant Group»-ին, որը Չինաստանի խոշորագույն ֆինանսական տեխնոլոգիական ընկերություն է: ՉԺՀ իշխանությունները չեն ձգտում ոչնչացնել «Alibaba»-ն, բայց նրանք ցանկանում են, որ այն հեռանա իր հիմնադիր Ջեք Մայից և ավելի սերտ համագործակցի Կոմունիստական կուսակցության հետ:

Չինաստանի հակամենաշնորհային կարգավորիչների կողմից «Alibaba»-ին սահմանվող տուգանքի չափը գերազանցելու է երկրի կորպորատիվ պատմության մեջ երբևե նշանակված ռեկորդային՝  975 մլն դոլարը, որը վճարել է ամերիկյան «Qualcomm»-ը: «Alibaba»-ի դեմ հակամենաշնորհային հետաքննությունը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին:

Անցած տարվա ընթացքում «Alibaba»-ի պլատֆորմներում գնումներ է կատարել շուրջ 780 միլիոն չինացի սպառող, կամ երկրի բնակչության կեսը:

Տարեկան մոտ 20 միլիարդ դոլար շահույթ ունեցող ընկերության համար նույնիսկ նման մեծ տուգանքն էլ այնքան սարսափելի չէ: Այնուամենայնիվ, մտավախություն կա, որ չինական կարգավորիչները տուգանքով չեն սահմանափակի «Alibaba»-ի վրա իրենց ճնշումը:
 

Placeholder
Չինաստանի իշխանությունները «Alibaba»-ին կտուգանեն ավելի քան 1 մլրդ դոլարով