Աբովյանի թիվ 1 դպրոցի որոշ ուսուցիչներ առավոտյան դռնապանից ստացել են իրենց ազատման մասին որոշումները
Կրթություն, գիտություն
11:56 13/03/2021
Հայաստան

Աբովյանի թիվ 1 դպրոցի որոշ ուսուցիչներ առավոտյան դռնապանից ստացել են իրենց ազատման մասին որոշումները

«Ես 2006 թվականից այս դպրոցն եմ կառուցում, որը 20 տարի իմ տունն է և հիմա ցինիկների մարմնացումները եկել են և այստեղից ինձ ու մի շարք մարդկանց դուրս են հանում»,- Աբովյանի թիվ 1 դպրոցում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց այդ պահին աշխատանքից ազատված լինելու ծանուցումն ստացած պատմության ուսուցչուհի Մետաքսյա Բաբայանը:

Այսօր առավոտյան գալով դպրոց՝ մի խումբ ուսուցիչներ դռնապանից ստացել են իրենց ազատման մասին որոշումները, որը ստորագրել է նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը:

Աշխատանքից ազատման հրամաններ են տվել նաև դպրոցի տնտեսվար Նունե Քամալյանին և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Գրիգորյանին:

Դպրոցից ուղիղ միացում էր կազմակերպել պատմության մեկ այլ ուսուցիչ Հայկ Փայտյանը, որին նույնպես հեռացրել են աշխատանքից:

Մետաքսյա Բաբայանը հայտնեց, որ դպրոցի կին դռնապանը, նույնպես ազատվել է աշխատանքից, այն դեպքում, երբ բանկում վարկեր ունի և տանը հիվանդ ամուսին, որը դեղեր է ընդունում:

«Թուրքի նման խիղճն այս մարդկանց միջից դուրս է մղած: Մենք վայրկյան առաջ մտնելու ենք դատարան, որպեսզի այս լկտիությունը, ցինիզմը, մարտնչող անգրագիտությունը մեր դպրոցից արմատախիլ անենք»,- հայտարարեց ուսուցչուհին:

Նա նաև տեղեկացրեց, որ նորանշանակ տնօրենի հրամանով դպրոցի երկու փոխտնօրենը նույնպես ազատվել են աշխատանքից:

«Նրանցից մեկը՝ Ավագյան Արմենն, որը նաև երեք երեխա է պահում, երկուսը՝ ուսանող, Քարմիլե Առաքելյանի և Ռոմանոս Պետրոսյանի կամքով ազատվել է աշխատանքից»,- հայտարարեց ուսուցչուհին:

Պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն էլ տեղեկացրեց, որ նման հրամաններ են արձակվել այն ժամանակ, երբ դատարանն ուսուցիչների գործադուլն անօրինական չի ճանաչել:

Մետաքսյա Բաբայանն էլ նշեց՝ մնալու է իր կոլեկտիվի հետ, իսկ նոր տնօրենը շուտով խայտառակված փախնելու է դպրոցից: Ուսուցչուհին նաև հայտնեց, որ այդ պահին գնում է իր աշխատասենյակ և սպասում, թե երբ են ոստիկանները գալու և ուժի գործադրմամբ իրեն դուրս հանելու այնտեղից:

Նշենք, որ ուղիղ կապն ապահովող Հայկ Փայտյանին կողքից պահանջում էին լքել դպրոցի շենքը, որին արձագանքելով՝ նա ասաց, որ իր եղբայրը սովորում է դպրոցում, հետևաբար, ինքը կրթության շահառու է և իրեն չեն կարող դպրոցից հեռացնել:

Ուսուցիչները դիմեցին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ԿԳՄՍ նախարարություն,  բոլոր պատկան մարմիններին՝ իրավական ամենաթողությունը կանխելու պահանջով:

Placeholder