ԵՄ կարգավորիչը մարտի 18-ին կվերանայի «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ տվյալները
Աշխարհում
14:40 15/03/2021
Աշխարհ

ԵՄ կարգավորիչը մարտի 18-ին կվերանայի «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ տվյալները

Եվրոպական դեղերի գործակալությունը մարտի 18-ին կվերանայի «AstraZeneca» դեղագործական ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ ստացված բոլոր տվյալները: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է առողջապահական սպառնալիքների և պատվաստումների ռազմավարության վարչության ղեկավար Մարկո Կավալերին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում ՝ Դանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Նորվեգիան և Նիդեռլանդները, դադարեցրել են «AstraZeneca»-ի պատվաստանյութերի օգտագործումը՝ կապված պատվաստվածների մոտ արյան թրոմբի հայտնաբերման հետ:

«Մենք հասկանում ենք ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը։ Այս շաբաթ Դեղագործական ռիսկերի գնահատման հանձնաժողովը կվերանայի մեր հավաքած բոլոր տվյալները, ներառյալ Նորվեգիայի նոր տվյալները», - ասել է Կավալերին:

Նա նշել է, որ դրանց հիման վրա կորոշվի ՝ կա՞ արդյոք մտահոգության առիթ, թե՞ կարող են շարունակել այդ պատվաստանյութի կիրառումը։

Ընկերությունն ինքը կիրակի օրը հայտարարություն է տարածել, որում հավաստիացնում է իր պատվաստանյութի անվտանգությունը:

Դրանից առաջ ԱՀԿ-ն և Դեղերի եվրոպական գործակալությունը կոչ էին անում շարունակել օգտագործել պատվաստանյութը`նշելով, որ դրա օգտագործման օգուտները գերակշռում են ռիսկերին։

Placeholder
ԵՄ կարգավորիչը մարտի 18-ին կվերանայի «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ տվյալները