Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետությունը՝ կառավարությունն ու դրա ղեկավարը, գնաճի զսպման հարցում անգործության են մատնվել. Թաթուլ Մանասերյան
2020 թվականին Հայաստանում արձանագրվեց սննդամթերքի գների աննախադեպ աճ, որի տեմպերը 2021 թվականին ավելի ուժեղացան: Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն ընթացիկ տարվա փետրվարին 2020 թվականի նույն ամսի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ ալկոհոլային խմիչքներինը և ծխախոտային արտադրատեսակներինը՝ 3.1 %-ով: Մի փոքր մեղմ է վիճակը հագուստի ու կոշիկի շուկայում, որտեղ արձանագրվել է մոտ 2% աճ:
Վաճառակետերում այսօր արձանագրվում է պարենային զամբյուղի բոլոր ապրանքատեսակների գների աճ: Քաղաքացիների ընտանեկան բյուջեի վրա զգալի ազդեցություն են թողնում առաջին սպառման ապրանքներից հատկապես բուսական յուղի, կարագի, շաքարի, հավի ձվի գների աճը:
Կառավարության պատասխանատու մարմինները գների նման թռիչքը բացատրում են ներմուծվող ապրանքների գների աճով և դրամի արժեզրկմամբ: Սա այն դեպքում, երբ նախորդ տարի արձանագրվել է ներմուծման մոտ 30 տոկոսի նվազում, ինչը ենթադրում է, որ այդ բացը լրացվել է տեղական արտադրությամբ: Մյուս կողմից էլ էականորեն թանկացել են նաև տեղական շուկայում արտադրվող ապանքները: Օրինակ՝ հավկիթը թանկացել է 20-25 %-ով: Արտադրողներն այդ միտումը կրկին կապում են արտաքին շուկայի հետ՝ պնդելով, թե կերի գները բարձրացել են միջազգային շուկայում:
«Մենք կարող ենք այսօր արձանագրել, որ պետությունը՝ ի դեմս իր կարգավորող մարմինների, կառավարության ու դրա ղեկավարի, անգործության են մատնվել, մոռացել են իրենց հիմնական գործառույթները և զբաղվում են քաղաքական տարբեր խաղերով»,- մեկնաբանելով սննդամթերքի գների աննախադեպ աճի պատճառները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասում է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն ու հավելում.
«Ավելի ստույգ ասած՝ չի իրականացվում պետության կարգավորիչ գործառույթը, որը վերապահված է նաև Ազգային ժողովին: Այնտեղ, կարելի է ասել, որ ո՛չ օրենքներ են մշակվում, ո՛չ նախագծեր պատրաստվում, օրենսդիր աշխատանքը կաթվածահար է եղել: Նույնը գործադիր մարմնին է վերաբերում, որը ենթաօրենսդրական ակտեր պետք է մշակեր և հատկապես այս հարցի վրա ուշադրություն դարձներ»:
Մանասերյանի կարծիքով՝ պետությունն, ըստ էության, բացակայում է, և եթե այսօր Հայաստանում դեռ տնտեսություն կա, ապա մասնավոր հատվածի ներկայացուցիչների, առանձին ձեռներեցների ջանքերի շնորհիվ:
«Անգործության են մատնված մի շարք մարմիններ՝ Ֆինանսների նախարարությունը, Վերահսկողական ծառայությունը, Պետեկամուտների կոմիտեն և վերջապես կա մի ամբողջ հանձնաժողով՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այս մարմինները պարտավոր են վերահսկել գների թռիչքները, կատարեն համապատասխան վերլուծություններ, համեմատեն համաշխարհային շուկայի գները Հայաստանի ապրանքների և ծառայությունների գների հետ, դրա համար իրենք աշխատավարձ են ստանում»,- նշում է տնտեսական գիտությունների դոկտորը:
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ ներմուծվող ապրանքների գները թանկացել են բայց ոչ համամասնորեն, այլ՝ կամայականորեն և այն ապրանքները, որոնց մեծ խմբաքանակները գնվել էին ամիսներ առաջ, չպետք է թույլ տային, որ ներկայիս գներով վաճառվեին և գների այսպիսի ցատկ արձանագրվեր, այն չի համապատասխանում համաշխարհային շուկայի գների տատանումներին:
Նա համաձայն չէ այն կարծիքի հետ, թե գնաճի զսպումը ԿԲ-ի խնդիրն է: Ըստ տնտեսագետի՝ «Կենտրոնական բանկի մասին» օրենքով և Սահմանադրությամբ, ԿԲ-ն ոչ թե գնաճի համար է պատասխանատվություն կրում, այլ իր գործունեության նպատակների մեջ մտնում է գների կայունություն ապահովելը, որոնք տարբեր բաներ են:
Նկատելով, որ գների կայունությունը ԿԲ-ն իրականացնում է դրամավարկային քաղաքականության միջոցով՝ Panorama.am-ի զրուցակիցն ասում է. «Գնաճի զսպման համար ԿԲ-ի հետ միասին պետք է պետական բոլոր պատկան մարմինները գործողություն կատարեն, որում թերանում են»:
Panorama.am-ի դիտարկումներով խանութներում այսօր հատկապես զգալի է ձեթի գների աճը, որը կազմում է մոտ 30-35 %, այն դեպքում, երբ, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների, ձեթի ներմուծման գներն ավելացել են մոտ 16 %-ով, իսկ ազգային արժույթն արժեզրկվել է 4%-ով:
Զգալի է նաև շաքարավազի գների աճը և թվում էր, որ ՏՄՊՊՀ-ն, գոնե այստեղ պետք է արդյունք ապահովեր, քանի որ շուկայում Սամվել Ալեքսանյանի ղեկավարած ընկերության գերիշխող դիրքի մասին բոլորը գիտեն և մեղավորին բացահայտելն առանձնակի դրժվարություն չէր ներկայացնում:
ՏՄՊՊՀ հանձնաժողովի կայքի ուսումնասիրություից պարզվում է, որ նախորդ տարի, իրոք, այս կառույցը 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար, բայց ոչ թե շաքարավազի գները չհիմնավորված թանկացնելու, այլ հակառակը՝ պարբերաբար շաքարավազն ինքնարժեքից ցածր գնով վաճառելու և մրցակիցներին շուկայից դուրս թողնելու գործողությունների համար:
Արդյունքում ստացվում է՝ այսօր ողջ պետական համակարգը, որը պետք է ծառայեր քաղաքացուն և որի հիմնական առաքելություններից մեկը հասարակության ապրելակերպի վատթարացման կանխարգելումն է, չի իրականացնում իր հիմնական գործառույթը:
Արմեն Վարդանյան