Բելառուսն այլ նախագահներ ևս կունենա, բայց պետք է համբերել. Լուկաշենկո
Քաղաքական
17:44 19/03/2021
Աշխարհ

Բելառուսն այլ նախագահներ ևս կունենա, բայց պետք է համբերել. Լուկաշենկո

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն այլ նախագահներ ևս կունենա, ինքն անձամբ կերաշխավորի այդ, ուղղակի քաղաքացիները պետք է «համբերեն», գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Մենք կլինենք միասնական պետություն: Մենք ոչ մեկի առջև չենք խոնարհվի: Մենք ծնկի չենք գա: Մենք ավելի վատ չենք ապրի միայն այն դեպքում, երբ ձեր գլուխը պահեք ձեր ուսերին: Մենք ապրում ենք ինչպես կարող ենք, և ոչ թե ավելի վատ, քան մյուսները: Հետևաբար, դուք պետք է կառչեք ձեր հողից: Դուք կունենաք այլ նախագահներ, ես ձեզ երաշխավորում եմ: Հետո դուք, ամեն ինչ համեմատելով, կհասկանաք: Իսկ հիմա պարզապես համբերեք»,- վստահեցրել է Լուկաշենկոն՝ Գրոդնոյի մարզ իր այցելության ժամանակ, որտեղ հանդիպել և զրույց է ունեցել «Մոլոչնի Միր» ձեռնարկության անձնակազմի հետ:

Երկրի ղեկավարը նաև կոչ է արել մարդկանց ավելի մտերիմ լինել միմյանց հետ, նշելով, որ դժվար ժամանակներում պետք է գոյատևել:

«Աշխարհը խելագարվել է, և այս աշխարհում մարդիկ կորցրել են իրենց կողմնորոշումը: Եվ այս պահին կարիք չկա շտապել տարբեր ուղղություններով: Այդ պատճառով ես այս տարի հայտարարել եմ Ազգային միասնության տարի»,- բացատրել է նա:

Հիշեցնենք, որ 2020 թ. օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթանակ է տարել Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80,1% -ը, երկրում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ:

Placeholder
Բելառուսն այլ նախագահներ ևս կունենա, բայց պետք է համբերել. Լուկաշենկո