Չեմ վստահում կառավարությանը, հոգնել եմ քննարկումներից. Դավիթ Մաթևոսյան
Մշակույթ
15:36 22/03/2021
Հայաստան

Չեմ վստահում կառավարությանը, հոգնել եմ քննարկումներից. Դավիթ Մաթևոսյան

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենը՝ արձակագրի որդի Դավիթ Մաթևոսյանը հայտնում է, որ  պաշտոնական գրությամբ հրաժարվել են «Հրանտ Մաթևոսյան կենտրոն»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից. «2018-ից առ այսօր, չնայած մեր բոլոր ջանքերին, առաջարկներին, պնդումների և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ոչինչ-ոչինչ չի փոխվել և չի փոխվի:

Ես այստեղ ու այսուհետև դիմում եմ և դիմելու եմ բացառապես մարդկանց ու Հանրությանը, բացառապես ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին` բոլորին, որ Մշակույթի ու բանի ու Հրանտի արժեքն ու դերը հասկանում են. մեր կենտրոնը կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես` այդ ֆինանսավորմամբ: ԱՌԱՋ. ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ մեր Կենտրոնը»:

Panorama.am-ի հետ զրույցում Դավիթ Մաթևոսյանը մանրամասնեց, թե ինչու են  նման որոշում կայացրել:

«Անցած տարվա հունիս, թե հուլիս ամսին ԿԳՄՍ նախարարին գրել էինք, տվել էինք մեր համաձայնությունը հողամասը պետությանը նվիրաբերելու կապակցությամբ, հստակ շարադրել էինք, ձևակերպել երաշխիքային կետեր, համաձայն որոնց պետք է նվիրաբերությունը կատարվեր: Կետ առ կետ շարադրված էր, թե ինչպես դա պետք է արվի, որպեսզի թե մենք, թե պետությունը ռիսկից խուսափենք, շենքը կառուցվի, կահավորվի, էքսպոզիցիա դրվի և սկսի գործել որպես թանգարան, կենտրոն:

Անընդհատ փորձելով մեր այդ հիմնադրույթները մտցնել գործածման, կիրառման մեջ և ձևակերպել, այդպես էլ չգտավ որոշման նախագծում դրանք տեղավորելու և մեզ հստակ երաշխիքներ տալու որևէ ձև: Ցանկացած այլ իրավաբան, փասաբան դա կկարողանար անել:
Մենք ինքներս, չլինելով իրավաբան, ինչ-որ բաներ առաջարկում էինք, տարբերակներ կային:

Նրանք դա չարեցին՝ թողնելով անորոշ, իսկ որոշման նախագծի վերջնական տարբերակը որևէ կերպ չի հստակեցնում թե շինարարությունը վերսկսելը, շենքը կառուցելը, ավարտելն ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա, իրենք  ֆինանսավորման որ մասն են ստանձնում, որ մասն է մեզ պատգամվում, որի համար մենք գումար պետք է հայթայթենք: Կառավարության որոշման տարբերակում ամեն ինչ ուղղակի նվիրաբերվում է պետությանը, կառավարությանը, հետո նստում ու սկսում ենք սպասել, ինչպես արդեն տարիներ սպասում ենք, հատկապես 2018 թվականից  հետո, որ իրենք մի բան անելու են»,- ասաց Դավիթ Մաթևոսյանը:

Նա ընդգծեց՝ չի վստահում, չի ուզում շարունակել, հոգնել է քննարկումներից, Մաթևոսյանի ժառանգորդները, հասարակությունն այդպես չի ուզում և որոշեցին այսպես վարվել, քանի որ սա սխալ ուղիով ընթացող բանակցություններ են, սխալ հայեցակարգ է:

«Կառավարությունը պետք է անվերապահորեն կառուցի, ավարտի ու այդ մասին հայտարարի: Իրենք հրաշալի գիտեն, որ առկա է բիզնես ծրագիր, ֆինանսավորման չափերը վկայակոչող ծրագիր, որը կարող  է հրաշալի գործել: Իրենք դա չեն անում, համոզված եմ՝ չեն անելու: Մնացած ամեն ինչը տեխնիկական վայրիվերումներ են, սեթևեթանքներ, անիմաստ է այդպես շարունակել»,- ասաց «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենը:

Նման վերաբերմունքը մշակույթի նկատմամբ Դավիթ Մաթևոսյանը կապում է մշակութային քաղաքականության վերաբերյալ պատկերացման բացակայության հետ. 

«Պատկերացում չկա, թե ինչ է մշակութային քաղաքականությունը, պատկերացում չկա, թե ինչ է  նշանակում գրականություն, ինչ է նշանակում և ինչ արժեք է ներկայացում տվյալ դեպքում Հրանտ Մաթևոսյանը, պատկերացում չկա, թե որոնք են մշակույթի կառավարման, մշակութային ժառանագության տնօրինման, հոգածության, դրանով ինչ-որ գործառույթներ իրականացնելու պետական մտածողությունն ու պետական մեխանիզմները»:

Նա նշեց, որ հասկանում են կորոնավիրուսի, հետպատերազյան ու պարտության վիճակներից հետո երկրի ֆինանսական հարցերը դեպի բարելավում չեն գնալու, ընդհակառակը՝ սպասվում են սոցիալական, ֆինանսկան ծանր օրեր:

«Բայց ճշմարտությունը սա է՝ բացեիբաց ասենք, որ իրենք չեն զբաղվում, ես որևէ միտում չեմ տեսնում, որ իրենք կզբաղվեն: Մենք այս նոր գիծը քաշում ենք, գնդակը իրենց դաշտում է, իսկ մենք գնում ենք մեր գործն անելու:

Սա մի օր պետք է դառնա համաժողովրդական կառույց, հետո համաժողովրդական թանգարան ու կենտրոն»,- ասաց  Դավիթ Մաթևոսյանը:

Նա ընդգծեց՝ կառավարության հետ համագործակցություն այլևս չի տեսնում. «Ես համարում եմ, որ կառավարությունը կարող է առաջարկներ անել, որից մենք դժվարությամբ կհրաժարվենք կամ չենք հրաժարվի, բայց էապես, խիստ կասկածում եմ, որ իրենք դա ի վիճակի են անել»: 

 

Placeholder