Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին
Իրավունք
16:40 22/03/2021
Հայաստան

Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

Ոստիկանության  Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում Կոմիտասի անվան պանթեոնից հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու գողության դեպքով։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ դեպքի մասին հաղորդում են ստացել մարտի 20-ին: 

«Քիչ առաջ կարդացի, որ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացել են բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Կուրղինյանի պոեզիան դրանից չի նսեմանա: Բայց մենք արդեն նսեմացման ճանապարհի վրա ենք»,- ֆեյսբուքյան էջում գրել է գրականագետ Հովիկ Չարխչյանը:

Բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը ծնվել է 1876 թվականին Ալեքսանդրապոլում։ Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում: Մահացել է 1927 թվականի նոյեմբերի 24–ին։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երևանում հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը: Մարտի 13-ի լույս 14-ի գիշերն անհայտ անձինք գողացել են Երևանի 2800-ամյակի այգու 7 բրոնզաձույլ արձաններից մեկը՝ նավակով երեխայի արձանը: Իսկ մարտի 7-ին  հայտնաբերվել էր, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները:
 

Placeholder
Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին