2020 թ-ին Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք. Ռուստամ Բադասյան
Իրավունք
11:53 22/03/2021
Հայաստան

2020 թ-ին Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք. Ռուստամ Բադասյան

«2020 թվականի ընթացքում կայացվել է տուգանային միավոր նախատեսող շուրջ 415 հազար որոշում, վարորդական իրավունքի կասեցման վերաբերյալ՝ 7300-ից ավելի որոշում, ժամանակավոր կասեցվել է շուրջ 2200 վարորդական իրավունք, 45 անձ զրկվել է այդ իրավունքից»,- Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը զեկուցեց կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ հաշվետվության՝ իր ղեկավարած գերատեսչության պատասխանատվության ոլորտին վերաբերող հատվածը։

Բադասյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա հունվարի 1-ից հանրապետությունում ներդրվել է տուգանային միավորների բալային համակարգը, որը կիրառվում է միայն տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում:

Նրա խոսքով՝ նախորդ տարի ընդլայնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների շրջանակը, այդ թվում՝ հանրային և պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց և թեկնածության հավակնոորդների բարեվարքության ուսումնասիրության, դրա հիման վրա խորհրդատվական եզրակացություն տրամադրելու լիազորությունները:

«Ներդրվել է հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների համար անհրաժեշտ գործիքակազմ, օրենսդրական հիմքով հասանելիություն է տրվել պետական տվյալների շտեմարաններին»,- ներկայացրեց Բադասյանը:

Նախարարը հայտնեց, որ հանձնաժողովը մեկ տարում իրականացրել է 47 անձի, թեկնածուի բերավարքության ստուգում, որից 26-ի առնչությամբ ներկայացվել է դրական եզրակացություն, 16-ի վերաբերյալ՝ դրական՝ վերապահումով, 4-ի վերաբերյալ՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել:

Բադասյանը նաև տեղեկացրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև ԲԴԽ-ի անդամների հայտարարագրերի վերլուծություն, որի մասով տեղեկությունը դեռևս ամփոփման փուլում է:

Նրա խոսքով, ներդրվել է մեխանիզմ, համաձայն որի՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը 8 միլիոնի փոխարեն սահմանվել է 5 միլիոն դրամ կամ դրան համարժեք արժույթ:

Բադասյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը 3000-ից հասցվել է 9000-ի:

«2020 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք, որից 157-ը՝ կաշառքի հետ կապված, 160-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 52-ը պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքերով»,-ամփոփեց Բադասյանը:

Placeholder
2020 թ-ին Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք. Ռուստամ Բադասյան