ՄԻՊ. Ադրբեջանի կողմից եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է՝ հայերի նկատմամբ տեղի են ունեցել էթնիկ զտումներ
Իրավունք
18:20 25/03/2021
Հայաստան

ՄԻՊ. Ադրբեջանի կողմից եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է՝ հայերի նկատմամբ տեղի են ունեցել էթնիկ զտումներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի կողմից Մեխակավանում հայկական եկեղեցու հիմնահատակ ավերմանը.

«2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:

Եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC World News լրատվամիջոցի հրապարակումով (Nagorno-Karabakh: The mystery of the missing church):

Դեռ պատերազմի ժամանակ էին ադրբեջանական զինվորականները հրապարակել տեսանյութ, թե ինչպես են նրանք ցինիզմով անարգանքի, վանդալիզմի ենթարկում հայկական եկեղեցին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել ու վերլուծել է տեսանյութը, որը բացահայտ վկայում է կրոնական ատելության և հայկական եկեղեցին քանդելու մտադրության մասին։

Ակնհայտ է ևս մեկ փաստ. եկեղեցին ավերվել է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո:

Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում:

Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն»։

Placeholder
ՄԻՊ. Ադրբեջանի կողմից եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է՝ հայերի նկատմամբ տեղի են ունեցել էթնիկ զտումներ