ԲԴԽ-ն Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյան հարցով դիմել է դատախազություն
Իրավունք
17:37 26/03/2021
Հայաստան

ԲԴԽ-ն Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյան հարցով դիմել է դատախազություն

Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում: Քննարկմանը հրավիրվել և լսվել է դատավոր Մհեր Պետրոսյանը:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Երեկ ուշ երեկոյան armlur.am-ը գրել էր, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

2021 թվականի մարտի 10-ին Օնիկ Գասպարյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

 

 

Placeholder
ԲԴԽ-ն Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյան հարցով դիմել է դատախազություն