Եթե ՀՀ-ն վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը  մշակույթը  դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթություն. Պետրոսյան
Մշակույթ
09:05 26/03/2021
Հայաստան

Եթե ՀՀ-ն վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթություն. Պետրոսյան

Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է. 

«Փորձենք հասկանալ:

Ի դեմս Արդբեջանի և Թուրքիայի մենք գործ ունենք մի թշնամու հետ, ով վարում է գաղափարաբանորեն մշակված, ռազմավարական տեսակետից հստակեցված քաղաքականություն: Այն ունի իր գերնպատակը` վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ: Այդ քաղաքականությունն ունի ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանվում և լուծվում են խնդիրներ: Այդ խնդիրներն ունեն հստակ հերթականություն, լուծման տարբերակներ և փուլեր: Այս պատերազմով թշնամին հասել է մի նպատակի, հաջողել է հերթական փուլը: Հերթի են դրված հաջորդ խնդիրները և փուլերը: Սա իմ` Հայաստանի քաղաքացու և հետազոտողի անձնական և մասնագիտական փորձառությունն է:

Բայց որպես մշակութաբան ու հայ մշակույթի պատմության մասնագետ, ուզում եմ խոսել այն բնագավառից, ինչի մասին ավելի լավ պատկերացում ունեմ: Այս առումով համոզված եմ, որ մշակութային ժառանգության հանդեպ ադրբեջանական քաղաքականությունը վերը նշված քաղաքականության օրգանական մասն է: Այն նույնպես ունի իր գերնպատակը` հայերին ներկայացնել որպես մշակութային ժառանգություն ու պատմություն չունեցող` այսու նաև այս տարածարջանում հայրենիք, հայրենիքի պատմական իրավունք չունեցող, այստեղից-անյտեղից եկած կամ բերված ապաքաղաքական ու ապամշակութային մի զանգված: Այդ քաղականությունը նույնպես ունի հստակ սահմանված խնդիրներ, առաջնահերթություններ, փուլաբաժանումներ: Սա կարևոր, էական, առաջնահերթ քանղաքականություն է:

Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, ապա Ադրբեջանը  մշակույթը  դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթություն: Հայերի անպատմություն ու անմշակույթ, անհայրենիք լինելու թեզը ներկայացնում, հիմնավորում, մանրամասնում է պետության առաջին դեմքը: Նա չի «հնարում», նա սերտել է մանրամասնորեն մշակված մի պրոպագանդիստական գաղափարաբանություն, որի գերագույն նպատակն է վերացնել, յուրացնել, անվանափոխել, վերագրել այդ ժառանգությունը:

Իհարկե, հնարավոր չէ իսպառ վերացնել այդ ողջ ժառանգությունը, ինչպես որ կցանկանային,  հնարավոր չէ իսպառ վերացնել հայերին, ինչպես որ կերազեին` գոնե ներկա իրավիճակում: Ուրեմն անհրաժեշտ է ավելի ճոկուն, հաշվարկված և արդյունավետ մոտեցում: Հիմքում Արևելյան Հայաստանում (և անշուշտ ի մասնավորի Արցախում և հարակից տարածքներում)  հայերի ոչ վաղ անցյալում հայտնվելու հնարանքն է: Դրան նվիրված են հարյուավոր «գիտական» վարժաննքեր, դրանով զբաղվում են ակադեմիաներ  և գիտական կենտրոններ` այդ թվում և արատասհմանում: Եթե անցյալ դարի 60-ական թվականներին հայերի «եկվորության» ժամանակը վերագրվում էր արաբական տիրապետությանը, ապա 12-13-րդ դարերին, 90-ական թվականներին այն հասցվեց 19-րդ դար:

Մշակութային այն ժառանգությունը, որ ստեղծվել է մինչև 19-րդ դարը` ակնհայտ հայկական չէ, այն աղվանական ժառանգություն է: Եվ եթե քրիստոնեկան կառույցները ծիսապաշատմունքային առումով չեն հետաքրքրում մահմեդական ադրբեջանցիներին, ապա դրանք հենց այն են, ինչ պետք են Արդբեջանի միակ պատմական քրիստոնյա հանրույթին` ուդիներին: Դե 19-րդ դարի որոշ կառույցներ էլ կարելի վերագրել ուղղափառներին: 

Ըստ այդմ`առաջին փուլի ժառանգությունը ենթակա է պահպանության, միայն թե պետք դրանք մաքրել հետսագույն հայկական հավելումներից, որոնք արվել են հայերի կողմից հատուկ` այդ ժառանգությունը սեփականելու նպատակով: Սա լայն հնարավորություններ է ստեղծում ուղղակիորեն վերացնել ցանկացած ակնհայտ հայկականություն, և իհարկե, նախ և առաջ հայկական արձանագրությունները, խաչքարային հորնիվածքները:

Երկրորդ փուլի ժառանգությունը, որը համարվում է նվաճողական, օկուպանտական` ուղղակի ենթակա է վերացման: Առաջին հերթին անկախության տարիներին ստեղծված ժառանգությունը և դրա հետ միասին նաև խորհրդային ժառանգությունը` եկեղեցիներ, խաչքարեր, հուշասյուներ ու հուշարձաններ: Այն ինչ տեսնում ենք այսօր` տեսնելու ենք  վաղը, մյուս օրը. քերվելու են հայերեն գրերն ու սիմվոլները, քանդվեու են հայկականը հիշեցնող կոթողներն ու կառւյցները, հետո` եթե հաջողեն` նաև բուն եկեղեցկան կառույցները` երբ «պարզվի», որ Ադրբեջանում չկան այդ կառույցները երկպագողներ: 21-րդ դարի պատմությունը, ինչպես տեսնում ենք, վանդալներին նման հիանալի առիթներ շատ է տալիս:

Եվ կարևոր մի նկատառում էլ: Ադրբեջանը դա թաքուն չի անում: Համոզված եմ, որ այդ ավերումները, բնաջնջումը, ցուցադրական պղծումը հատուկ, պլանավորած  պրոպագանդիստական արշավ է, որի առաջնային նպատակն է մշակութային ու հոգեկան տրավմա հասցնել ծանր պարտություն կրած հայերին: Վերքի վրա պիտի հա աղ լցնել: Հայերը պիտի համոզվեն, որ այն ժառանգությունը, որ համարում են իրենցը` իրենցը չէ: Եվ եթե անգամ համոզված են, որ իրենցն է` ապա թող հասկանան, որ այդ ժառանգություն անզոր է, այն որևէ կերպ չի կարող օգնել իրենց, համախմբել  կամ զորավիգ լինել: Ի վերջո ու՞մ է պետք այն ժառանգությունը, որ միայն տրավմա կարող է բերել:

Այսօր չեմ գրում մեր շփոթվածության ու անգործության մասին: Ինձ հաճախ են հարցնում` ո՞րն է մեր պատասխանը: Կարծում եմ, որ թշնամուն պատասխանելու համար, նախ և առաջ պիտի հասկանալ նրա նպատակը, գործելակերպն ու իրագործման մեխանիզմները»:

Placeholder