Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պեսկով. Պուտինը թույլ չի տա Միացյալ Նահանգներին ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ
Ռուսաստանը թույլ չի տա Ամերիկայի Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրի խոսել իր հետ «ուժի դիրքերից»: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ այսօր լույս տեսած «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Ոչ ոք թույլ չի տա, որ Ամերիկան Ռուսաստանի հետ խոսի ուժի դիրքերից: Դա անհնար է: Ամերիկացիները հիմա մանթրայի պես կրկնում են, ասում են, որ մենք բոլորի հետ խոսելու ենք ուժի դիրքերից: Ոչ Պուտինը, Ռուսաստանի ղեկավարությունից ոչ ոք թույլ չի տա ոչ ամերիկացիներին, ոչ էլ որևէ մեկին մեզ հետ այդպես խոսել: Դա բացառվում է», - ասել է Կրեմլի խոսնակը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում, Պեսկովն ասել է․ «Ես չէի ցանկանա խոսել ծայրահեղ սցենարների մասին»:
Մեկնաբանելով ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի` Մոսկվա խորհրդակցությունների կանչվելը, պետության ղեկավարի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է Սպիտակ տան ներկայիս վարչակազմի օրոք ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների աուդիտին:
«Դրանից հետո արդեն կձևակերպվի որոշակի հասկացողություն այն մասին, թե ուր պետք է շարժվել», - ասել է Պեսկովը:
Նա դրական է պատասխանել հարցին, թե դեռ կա՞ն ընդհանուր թեմաներ, որոնց մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են խոսել:
«Սա ռազմավարական կայունությունն է, զենքի վերահսկումը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: Այն հակամարտությունները, որտեղ Միացյալ Նահանգների դերը կարող է ինչ-որ գործնական նշանակություն ունենալ», - ասել է Պեսկովը, հավելելով, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ի հետ խոսել Իրանի միջուկային ծրագրի (JCPOA) վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և «աշխարհի շատ այլ խնդրահարույց իրավիճակների» շուրջ: